«Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր, ռեժիսոր Բարեդ Մարոնյանի հեղինակած «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» լիամետրաժ վավերագրական ֆիլմը հաղթել է ԱՄՆ-ում անցկացվող «Chagrin Documentary Film Festival» (CDFF) կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ, որն ուշադրություն է հրավիրում սոցիալական խնդիրների վրա» (Best Social Awareness Documentary) անվանակարգում։ Գրում է AlphaNews-ը:
Ֆիլմը մանրամասն ներկայացնում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ 10-ամսյա շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին դրան հաջորդած ռազմական ներխուժումը, որոնց հետևանքով ավելի քան 120 հազար բնիկ հայեր բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։
Ֆիլմը Բարեդ Մարոնյանի՝ հայ ժողովրդի ճակատագրին նվիրված ծավալուն կինոեռագրության եզրափակիչ մասն է։ Ռեժիսորի նախորդ երկու ֆիլմերը՝ «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք», միջազգային մեծ հաջողություն են ունեցել և հեռարձակվել ամերիկյան PBS հեռուստաալիքով։
«Chagrin Documentary Film Festival» հեղինակավոր միջազգային կինոփառատոնն անցկացվել է հոկտեմբերի 6-11-ը՝ ԱՄՆ Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։















