Երգչուհի Մալենան երեք տարվա երաժշտական դադարից հետո ներկայացրել է «Send From Above» երգի տեսահոլովակը և պաշտոնապես հայտարարել իր վերադարձի մասին։ Այս մասին գրում է POP անկյունը:
Նոր թողարկմանը զուգահեռ երգչուհին սոցիալական ցանցերում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է վերջին տարիների իր բացակայությանը, անձնական փոփոխություններին և ստեղծագործական նոր փուլին։
Մալենայի խոսքով՝ երաժշտական գործունեությունից ժամանակավորապես հեռանալու որոշումը պայմանավորված էր ինքնաճանաչման և մասնագիտական զարգացման անհրաժեշտությամբ։ Նա ցանկացել է ավելի լավ ճանաչել իրեն՝ նախքան հանրության առաջ իր ստեղծագործական նոր կերպարով ներկայանալը։
Երգչուհին անդրադարձել է նաև Հայաստանից տեղափոխվելու որոշմանը՝ խոստովանելով, որ մինչ օրս կարոտում է ընտանիքին, հարազատ միջավայրն ու մանկության տունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ քայլն արել է գիտակցաբար՝ ստեղծագործական աճի և իր նպատակների իրականացման համար։

Խոսելով «Send From Above» երգի մասին՝ Մալենան հայտնել է, որ այն ստեղծել է իր պրոդյուսերի՝ Դավիթի (tokionine) հետ։ Նրա խոսքով՝ այս աշխատանքում նախկին նախագծերի համեմատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն է ունեցել, ինչի շնորհիվ երգն առավել ամբողջական է արտահայտում իր ներկայիս երաժշտական ինքնությունը։
Երգի ստեղծման հիմքում իրական անձնական պատմություն է։ Մալենան պատմել է, որ այն ոգեշնչված է իր կյանքում հայտնված մի մարդուց, որի ներկայությունը նշանակալի փոփոխություններ է բերել։ Ստեղծագործությունն արտահայտում է նաև երգչուհու ցանկությունը՝ ապագայում մեկ ուրիշի կյանքում նույնքան կարևոր դեր ունենալու։
Տեսաուղերձի ավարտին Մալենան հաստատել է, որ վերադարձը չի սահմանափակվելու մեկ երգով։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ նոր ստեղծագործություններ են գրվել, որոնք նախատեսում է աստիճանաբար ներկայացնել հանրությանը։
«Ես պաշտոնապես վերադարձել եմ»,- հայտարարել է երգչուհին՝ շնորհակալություն հայտնելով իր երաժշտությանը հավատարիմ մնացած և վերադարձին սպասող ունկնդիրներին։















