Դիլան Սփրոուսը կատակել է, թե ինքն ու եղբայրն «ինցեստի զոհեր են»

Դերասան Դիլան Սփրոուսը կատակել է, թե ինքն ու իր երկվորյակ եղբայրն ինցեստի զոհեր են։ Այս մասին 34-ամյա Սփրոուսը պատմել է Wildmen ժամանցային փոդքասթի եթերում՝ ներկայացնելով տոհմածառի ուսումնասիրության նպատակով հանձնած ԴՆԹ-թեստի արդյունքները։

«Կարճ ասած՝ ես ու Քոլն ինցեստի զոհեր ենք»,- հայտարարել է դերասանը հաղորդավար Բրենդան Քոլամբուսին։

Դիլանը պատմել է, որ գենետիկական թեստ է հանձնել, քանի որ իր 63-ամյա հոր՝ Մեթյուի ընտանեկան ճյուղը երկար ժամանակ կտրված է եղել, և այդ գծով բազմաթիվ ազգականների դերասանը անձամբ երբեք չի հանդիպել։ Արդյունքների վերլուծության ընթացքում արտիստը համադրել է փաստերն ու տոհմածառում խաչաձևումներ հայտնաբերել։ Նրա խոսքով՝ մայրական և հայրական գծերով իր նախնիները դեռևս 1800-ականների վերջին արդեն խաչաձևվել էին, նախքան կրկին բաժանվելը, իսկ հետո նորից հանդիպել, երբ հայրն ամուսնացել է մոր՝ Մելանի Ռայթի հետ։

Իր հետևությունը Դիլանը բացատրել է տոհմում երկվորյակների անոմալ բարձր թվով։ Նրա խոսքով՝ նախկինում կարծում էր, թե այդ առանձնահատկությունը փոխանցվում է միայն մայրական գծով, որտեղ չորս սերնդի ընթացքում ծնվել է երկվորյակների յոթ զույգ։ Սակայն հայրական կողմի ազգականները պատմել են, որ հոր հարազատ քեռիները նույնպես երկվորյակներ են եղել։ Սփրոուսը հանգել է այն հետևության, որ երկվորյակների նման քանակը պայմանավորված է նախնիների՝ նույն ընտանիքին պատկանելով․ «Ես հասկացա, որ մեր ընտանիքում շատ երկվորյակներ ծնվելու պատճառն այն է, որ դա միևնույն ընտանիքն է»։

Բացի այդ, դերասանը պատմել է ազգականներից մեկի պատմությունը, ով նույնպես հաստատել է ընտանեկան գեների խաչաձևման վերաբերյալ իր մտավախությունները․ «Իմ մորաքույրերից (հորաքույրերից) մեկը երկվորյակ էր, ով դեռ արգանդում կուլ էր տվել իր եղբորը կամ քրոջը։ Եվ երբ նրա ուսի կիստան հեռացրել են, ներսում ատամներ ու մազեր են գտել»։ Այս ամենից հետո, դերասանի խոսքով, իր գլխում «շատ բան իր տեղն է ընկել»։

Այնուամենայնիվ, երբ Սփրոուսն այս ամենի մասին պատմել է եղբորը, նա պարզապես ձեռքերը թափ է տվել․ «Զանգահարեցի Քոլին, ցույց տվեցի նյութերն ու ասում եմ՝ «Եղբայր, ես հենց նոր ինչ-որ անհավանական ցնդաբանություն իմացա»»,- հիշել է նա։ Ի պատասխան՝ Քոլը հայտարարել է՝ «Ես դա չեմ նայելու», ինչից հետո անջատել է հեռախոսը։