Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած «Photomodel Universe» մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» և հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից։
ShowBiz-ի հետ զրույցում Թերեզան պատմել է իր երազանքների, ծրագրերի, հորը վաղ տարիքում կորցնելու և հարազատ քրոջ՝ Լիլի Մորտոյի իրական տեսակի մասին։
Մոդել Թերեզա Մարտիրոսյանի կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ընթացել. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ՝ մասնագիտությամբ լինելով պրոֆեսիոնալ երգչուհի: Թերեզայի նուրբ կերպարի տակ քողարկված է ներքին մեծ ուժ, որը նրան առաջնորդում է դեպի նոր ձեռքբերումներ:
Այսօր երիտասարդ մոդելը մասնակցում է հայ դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս գեղեցկության մրցույթը, թերևս, վերջինն էր։ Ասյուհետ Թերեզան որոշել է մասնագիտանալ երաժշտության ոլորտում․ նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։
«Մանուկ հասակում չեմ երազել մոդելինգով զբաղվելու մասին։ Ծնվել եմ Կապանում, և այնտեղ առհասարկ չկա նման հասկացություն։
Պատանեկությունից միայն երազանքս եղել է երաժշտությամբ զբաղվելն ու իտալական օպերայում երգելը։ Եվ այդ երազանքն ունեմ մինչ այսօր։
Մոդելինգով զբաղվելու առաջակը տարիներ առաջ արեց ընկերներիցս մեկը։ Ես միանգամից մերժեցի, որովհետև երբեք չէի քայլել պոդիումի վրա և ոչ մի անգամ չէի կրել բարձրակրունկներ, բայց նա կարողացավ ինձ համոզել »,- պատմում է Թերեզան։
Խոսելով հայուհիների գեղեցկության մասին՝ Թերեզան պատմում է, որ լինելով տարբեր երկրներում ու լսելով օտարերկրացիներից բազմաթիվ կարծիքներ՝ ինքն էլ եկել է այն համոզմանը, որ հայուհիներն ունեն յուրահատուկ աչքեր, փայլուն ու կրակոտ, ոչ թե տխուր՝ ինչպես նշում են շատերը։
Թերեզան նաև չի մոռանում նշել իր համար հայուհիների, թերևս, միակ հատկանիշը, որն այդքան էլ դուր չի գալիս գեղեցկուհուն․
«Դպրոցը կամ համալսարանը ավարտելուն պես հայ աղջիկները ցանկանում են ամուսնանալ։ Իհարկե, ամուսինն ու երեխաները շատ կարևոր են, սակայն ես կուզեի, որ հայ աղջիկները սկզբից կարողանային հաստատվել կյանքում ու աշխատանքում, այնուհետև մտածեին ամուսնության մասին »,- խոստովանում է Թերեզան։
Որպես գեղեցկության ու կանացիության կերպար Թերեզան առանձնացնում է Նազենի Հովհաննիսյանին, սակայն ինչպես յուրաքանչյուր աղջիկ՝ Թերեզան նույնպես իր մայրիկին համարում է կնոջ իդեալ:
«Կանացիության վերաբերյալ մայրս երբեք ինձ խորհուրդներ չի տվել, սակայն նա ինձ համար հերոս կին է, ով կարողացել է միայնակ մեծացնել 5 երեխայի։ Մենք 4 քույր ենք և ունենք կրտսեր եղբայր, հորս կորցրել ենք շատ վաղ տարիքում և մայրս, իսկաես, տղամարդ-կին է բոլոր հարցերում։ Իսկ հիմա նա, ինչպես բոլոր մայրերը, երազում է թոռնիկ ունենալու մասին»,-ասում է Թերեզան և հավելում, որ իր սիրտը զբաղված է և շնորհակալություն է հայտնում իր սիրեցյալին, որ իր կայնքում եղել է ու կա։
Քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին, Թերեզան խոսում է ջերմությամբ և սիրով․ «Իմ Հարազատ քույրիկն է, բայց մենք չափազանց տարբեր ենք։ Լիլին ունի բնավորության շատ գծեր, որոնք ես կերազեի ունենալ։ Նա հետաքրքիր մարդ է, հետաքրքիր մտածելակերպով ու բնավորությամբ։
Նրա հետ խոսելիս, իսկապես, կարելի է շատ բան սովորել, ու հասկանալ, որ այդ տիկնիկային կերպարի ներսում շատ խորը մարդ է թաքնված»։
Լիլի Մորտոն հայտնի է միլիոնավոր երկրպագուներին իր տասնյակ պլաստիկ վիրահատություններով, որոց շնորհիվ նա ստացել է «հայկական Բարբի» մականունը, սակայն նրա քույրը երբեք չի դիմել ոչ պլաստիկ, ոչ կոսմետիկ միջամտության և չի էլ դիմելու․ «Պլաստիկ վիրահատության չեմ դիմել և չեմ դիմի մոտակա տարիներին։ Կարելի է դիմել միայն այն ժամանկ, երբ շատ մեծ թերություն ունես կամ հասկանում ես, որ ինչ-որ գիծ փոխելով՝ քո մեջ նոր մարդ կծնվի՝ ավելի ինքնավստահ մարդ»:
Սա առաջին մրցույթը չէ, որ Թերեզան մասնակցում է։ Նա մեկ անգամ եղելե է Իտալիայում, երկու անգամ ՝ Չինաստանում։ Կարծում է, որ այս անգամ ժյուրիին դուր եկավ իր ինքնավստահությունը․ չէ՞ որ նա արդեն փորձ ուներ։
Թերեզան խոստովանում է, որ իրեն մրցույթում առանձնահատուկ դուր էր եկել Իսրայելի ներկայացուցիչը, ով պատրաստվում էր գեղեցկության մրցույթի ավարտից անմիջապես հետո գնալ բանակ։
Շատերը նշում են, որ գեղեցկության մրցույթներում մեծ դեր են խաղում ծանոթն ու բարեկամը, Թերեզան համակարծիք է այս տեսակետի հետ․ սակայն հավատացնում է, որ ինքը, ցավոք, նման աջակից չուներ։
«Մեզ մոտ գեղեցկության մրցույթներից բացի բարեկամ-ծանոթը կա և՛ համալսարաններում, և՛ աշխատանքի վայրերում, բայց ցավոք, ես չեմ ունեցել նման օգնող։ Այն մարդն, ով ինձ առաջարկել է մասնակցել մրցույթին, անգամ չի եղել ժյուրիի կազմում»։
Գեղեցկուհին արդեն 3 տարի է զբաղվում է նաև հաղորդավարությամբ, սակայն այս մրցույթից հետո հստակ որոշել է, որ պետք է վերադառնա երգարվեստ ու հաստատվի, կայանա հենց իր մասնագիտության մեջ։
Թերեզան գտել է իր հաջողության բանաձևը․ նրա կարծիքով իրական գեղեցկությունը գալիս է ներսից և եթե ներքին աշխարհը կեղտոտ է, ապա թույլ չի տա, որպեսզի քո արտաքինը գեղեցիկ լինի։
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի