Դիզայներ–մոդելավորող Գայանե Մանուկյանը նորաձևության սիրահարների համար լավ նորություն ունի. իր «Just Black» հեղինակային բրենդը ներկայացրել է նոր հավաքածուն, որը խիստ տարբերվում է նախկիններից ու զարմացնելու է ապրանքանիշի սիրահարներին:
Դիզայներ Գայանե Մանուկյանը ներկայացրեց իր՝ «Phoenix 2020 Collection by Just Black» երկար սպասված հավաքածուն, որն արժանացել է նորաձևության սիրահարների հավանությանն ու քննադատների բարձր գնահատականին:
«Just Black» բրենդի բոլոր հագուստները էլեգանտ էին, նրբագեղ և, իհարկե, բացառապես սև գույնի: Սակայն դեֆիլեն եզրափակվեց կրակագույն զգետով:
ShowBiz.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց՝ հավաքածուն ստեղծելիս որն էր նրա ոգեշնչման աղբյուրը:
«Ոգեշնչման երկու աղբյուր ունեի. առաջինը Փյունիկն էր՝ ժամանակի մեջ անդադար տրանսֆորմացիայի ենթարկվող երևույթ, որն իրեն սպանում է՝ հետագայում մոխրից վերածնվելու համար: Ինձ ամբողջ տարվա ընթացքում շրջապատել են ուժեղ կանայք, որոնց կերպարն էլ իմ ոգեշնչման հաջորդ աղբյուրն էր: Այդ կանայք ինձ համար առանձին-առանձին փյունիկներ էին՝ ուժեղ, ինքնաբավ, ովքեր ժամանակի հորձանուտի մեջ կարողանում էին արագ վերափոխվել, հարմարվել տարբեր իրավիճակների և այդ թեժ շրջապտույտի մեջ մնալ գեղեցիկ ու կանացի»:
Դիզայները պատմեց նաև, որ այս հավաքածուն բրենդի համար առանձնահատուկ է նրանով, որ ոճն ամբողջությամբ փոխված է: «Ունենալով ոգեշնչման նոր աղբյուր՝ որոշեցինք այդպիսով նաև վերակենդանացնել բրենդը՝ թարմացնելով այն արդեն մի փոքր ուրիշ տրամադրության մեջ: Ամեն ինչ պտտվում է փյունիկի շուրջ»:
Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը դիզայների համար ուժեղ կանայք են, սակայն նրա կարծիքով գոյություն չունի հագուստ, որը նախատեսված է հենց ուժեղ կանանց համար, որովհետև ինքնավստահ կինն իրեն հարմարավետ է զգում յուրաքանչյուր հագուստի մեջ։
Գայանեն խոստովանեց նաև հավաքածուն ստեղծելու ճանապարհին առաջացած դժվարությունների մասին ու պատմեց, թե որն էր իր համար ամենակարևոր արձագանքը. «Դժվարություններ լինում են անշուշտ և լինում են դրանք մինչև վերջին պահը: Անգամ վերջին պահին կայացվում են որոշումներ, որոնք միշտ ամենաճիշտն են: «Հավաքածուից յուրաքանչյուրը կկրեի». սա ինձ համար լավագույն արձագանքն է եղել»:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան