Սիրուշոն հաղորդում կվարի․ երգչուհու հեռուստանախագիծը՝ շուտով եթերում կլինի

2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվի Հայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշո Փրոդաքշնից:

Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն:

Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը. այսպիսով, հեռուստադիտողը Սիրուշոյի «աչքերով» կկարողանա տեսնել հայ համայնքի և հայերի կյանքը:

Սկսելով հաղորդաշարը, Սիրուշոն նշում է. «Փոքր տարիքից շրջագայում եմ, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, ու ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել այլ երկրներում բնակվող հայերին՝ ովքեր են նրանք, ինչպես են կարողանում հայրենիքից հեռու այդքան հայ մնալ, ինչպես են օտարության մեջ հաստատվում, կայանում, ինչ ջանքերով են երեխաներին սովորեցնում հայերեն, ինչ զգուշությամբ ու սիրով են պահպանում մշակույթը, ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում սերը հայրենիքի հանդեպ և որքանով է պահպանվում»։

Հաղորդաշարի ամեն թողարկում ներկայացնելու է տվյալ համայնքի ձեւավորման պատմությունը, արմատների հետ կապը, օտար երկրներում հայ մնալու դժվարություններն ու նոր սերնդի ոգին, ինչը զուգակցված է լինելու տվյալ երկրի տեսարժան վայրերի, երգչուհու մենահամերգների ու ետնաբեմի եռուզեռի բացառիկ կադրերով։

Շուրջ 2 տարի նկարահանված հաղորդաշարը հասանելի կլինի նաև երգչուհու պաշտոնական Youtube-ի ալիքում:

 

https://www.instagram.com/tv/B6I8fF7ACwe/?utm_source=ig_web_button_share_sheet