Յութուբում հրապարակվել է հոլիվուդյան աստղեր Բլեյք Լայվլիի և Ջուդ Լոուի մասնակցությամբ The Rhythm Section մարտաֆիլմի վերջին թրեյլերը․ այս մասին գրում է ria.ru-ն:
Լայվլիի հերոսուհու՝ Ստեֆանի Պատրիկի ամբողջ ընտանիքը զոհվում է ավիավթարի հետևանքով: Երեք տարի անց նա պարզում է, որ ողբերգությունը պատահական չի եղել. ինքնաթիռը միտումնավոր պայթեցվել է:
Ստեֆանին որոշում է վրեժ լուծել իր հարազատներին սպանողներից: Այս հարցում նրան օգնում է Ջուդ Լոուի հերոսը, որն էլ աղջկան մարտական հմտություններ է սովորեցնում:
Հանցագործների ինքնությունը պարզելու, սակայն միևնույն ժամանակ չբռնվելու համար, Ստեֆանին հաճախ փոխում է արտաքինը՝ երբեմն փոխակերպվելով տղամարդու կամ կարմրահեր, խորհրդավոր գեղեցկուհու:
Ռեժիսոր Ռիդ Մորանոյի ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2020թ. հունվարի 31-ին: