Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում ներկայացրել է իր «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ:

Շնորհանդեսի ժամանակ Պոզներն ընդգծել է, որ դեռևս անցյալ տարի գրքի հայերեն թարգմանությունը ներկայացվել է հանրության ուշադրությանը Երևանում:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, միջոցառման ժամանակ լրագրողին հարցրել են վերջերս տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին, երբ ադրբեջանցի տենորը հրաժարվել էր միևնույն բեմում համատեղ ելույթով հանդես գալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

Պոզներն, ի պատասխան, դատապարտել է համացանցում հայերի և ադրբեջանցիների՝ միմյանց ուղղված կատաղի մեկնաբանությունները օպերային երգիչների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Նա նշել է, որ այդ հարցում որևէ մեկի կողմը չի բռնի՝ հավելելով, որ «ինչ-որ մեկին ձեռնտու է բորբոքել այս պատմությունը»:

«Հրաժեշտ պատրանքներին» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990-ին անգլերեն լեզվով, ավելի ուշ հայտնվել է ռուսերեն տարբերակը: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի Ցեղասպանությանը: