Օզի Օսբորնը հիվանդության պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը

Հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը չեղարկել է Հյուսիսային Ամերիկայում նախատեսված շրջագայությունը՝ Պարկինսոնի հիվանդության դեմ բուժում ստանալու նպատակով, գրում է Independent-ը:

Black Sabbath ռոք խմբի մենակատարը բուժման նպատակով կմեկնի Շվեյցարիա: Հյուսիսային Ամերիկայում շրջագայությունը նախատեսված էր մայիսի 27-ից հուլիսի 31-ը:
Ռոք երաժիշտը այդ լուրն անձամբ է հայտնել:
«Չեմ ցանկանում սկսել շրջագայությունը, այնուհետև վերջին վայրկյանին մի շարք համերգներ չեղարկել: Այդպես արդարացի չի լինի երկրպագուների նկատմամբ»,-ասել է երաժիշտը:

Օսբորնն իր հիվանդության մասին պատմել էր բոլորովին վերջերս՝ կնոջ հետ տված անկեղծ հարցազրույցի ժամանակ:
Ռոքերը խոստովանել էր, որ այլևս ի վիճակի չէ թաքցնել առողջական խնդիրները, և որ ստիպված է բազմաթիվ դեղեր ընդունել նյարդային ցավին դիմանալու համար:

Օսբորնի խոսքով՝ հիվանդության առաջացման պատճառ է հանդիսացել ընկնելու հետևանքով ստացած ուժեղ հարվածը:
Պարկինսոնի հիվանդությունը վնասում է մկանները, դանդաղեցնում շարժումները, առաջացնում քնի խանգարումներ, քրոնիկ հոգնածություն՝ կտրուկ գցելով կյանքի որակը: Այն պրոգրեսիվ նյարդաբանական վիճակ է, որը ոչնչացնում է ուղեղի այն հատվածի բջիջները, որը պատասխանատու է շարժումների համար։