Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը պատասխանել է բոտոքսը չարաշահելու մեղադրանքներին, գրում է Fox News-ը: 53-ամյա Հայեքն Ինստագրամում լողափից լուսանկար է հրապարակել, որն արժանացել է օգտատերերից մեկի քննադատությանը:
«Չափազանց շատ բոտոքս: Դրա կարիքը չկար, Սալմա»,- լուսանկարի մեկնաբանությունների հատվածում գրել է օգտատերը:
«Բոտոքս չեմ արել, բայց շնորհակալ եմ խորհրդի համար, քանզի ինքս էլ վերջերս մտածում էի, որ գուցե արդեն ժամանակն է»,- հակադարձել է ծագումով մեքսիկացի դերասանուհին:
Մի շարք օգտատերեր սատարող մեկնաբանություններ են արել դերասանուհու լուսանկարի տակ՝ վստահեցնելով, որ նա բոտոքսի կարիք ամենևին էլ չունի: «Դու ավելի լավ տեսք ունես, քան շատ 20-ամյա երիտասարդներ, այդ թվում՝ ես: Սիրում եմ»,- գրել է երկրպագուներից մեկը:
Լուսանկարը մեկ օրվա ընթացքում հավանել է ավելի քան 350 000 օգտատեր: