Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին հետաձգվել է Կաննի 73-րդ կինոփառատոնը, տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:
Մայիսի 12-23-ը ծրագրված կինոփառատոնի կազմակերպիչները մարտի 19-ին հայտարարել են, որ քննարկում են կինոփառատոնի հետաձգումը մինչ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ:
«Երբ Ֆրանսիայում և աշխարհում առողջապահության ոլորտում իրավիճակը մեզ թույլ տա գնահատել հնարավորությունները, մենք կտեղեկացնենք որոշման մասին»,- ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նկատում է, որ կազմակերպիչները դժկամորեն են հրաժարվել կինոփառատոնի անցկացումից: Բայց քանի որ համաճարակն արդեն տարածվել է ամբողջ Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի պես զանգվածային միջոցառման չեղարկումը անխուսափելի է դարձել:
Մարտի 14-ին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրամայել է ամբողջ երկրում փակել բոլոր ռեստորանները, սրճարաններն ու կինոթատրոնները։