Հոլիվուդյան դերասաններ Խոակին Ֆենիքսը և Ռունի Մառան սպասում են իրենց առաջնեկին, գրում է Page Six-ը։
Հաղորդվում է, որ 35-ամյա դերասանուհին գտնվում է «հղիության 6-րդ ամսում»․ Ռունիի և 45-ամյա դերասանի առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը։
Ներկայում զույգն ինքնամեկուսացել է Լոս Անջելեսի իրենց տանը և դեռևս չի հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը։
Աղբյուրը գրում է, որ Ռունիին վերջին անգամ Մայրերի տոնին նկատել են քրոջ՝ Քեյթի տուն այցելելիս․ ակնհայտորեն կլորացած փորիկով դերասանուհին կրել է լայն վերնաշապիկ։
Ֆենիքսն ու Մառան ծանոթացել են 2012 թվականին՝ Սփայք Ջոնսի «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում Մառան խաղում է Խոակինի նախկին կնոջ դերը:
2019 թվականին Vanity Fair-ի հետ զրույցում Ֆենիքսը խոստովանել էր. «Նա միակ աղջիկն էր, որին փնտրեցի համացանցում: Սկզբում պարզապես ընկերներ էինք»:
Նրա խոսքով՝ «Նա» ֆիլմի նկարահանումների ժամանակ կարծել է, թե Մառան արհամարհում է իրեն, սակայն ավելի ուշ պարզել է, որ դերասանուհին պարզապես ամաչել է իրենից և ներքուստ նույնպես համակրել նրան:
Զույգը վերամիավորվել է աստվածաշնչյան սյուժեով նկարահանված «Մարիամ Մագդաղենացին» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ Հիսուսին մարմնավորում է Խոակին Ֆենիքսը, իսկ Մարիամ Մագդաղենացուն՝ Ռունի Մառան:
Ըստ լուրերի՝ զույգը սկսել է հանդիպել անմիջապես ֆիլմի նկարահանումներից հետո: Զույգը նշանվել է անցյալ տարվա հուլիսին։