Կոնգոյից դիզայներ Անիֆա Մվուեմբան ցույց է տվել, թե հետհամավարակային աշխարհում ինչպիսի տեսք կարող են ունենալ պոդիումային ցուցադրությունները, գրում է CNN-ը։
Մվուեմբան ուրբաթ Ինստագրամ live-ում թողարկել է իր Hanifa ապրանքանիշի վերջին հավաքածուն: Շոուի ընթացքում 3D մոդելները պոդիումի վրա ցուցադրել են դիզայներական զգեստները։
Pink Label Congo հավաքածուում ներկայացվել են վառ գույների տաբատներ և զգեստներ․ ցուցադրության այս տարբերակը շատ մարդիկ նկարագրել են որպես պոդիումային ցուցադրության ապագան։
Մվուեմբան, որի զգեստները կրում են շատ հայտնիներ, այդ թվում՝ երգչուհի Քարդի Բին, Teen Vogue-ի հետ զրույցում ասել է, որ նախքան կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումները, պլանավորում էր անցնել իր հավաքածուն ցուցադրելու թվային ձևաչափին։
Նորաձևության ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ համակարգչային մոդելների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 7 ամիս։
«Իրականում սա ավելի մեծ ուշադրություն է պահանջում մանրուքների նկատմամբ, որպեսզի հագուստը ճիշտ տեսք ունենա»,- ասել է նա։
Հագուստի հավաքածուների վիրտուալ ցուցադրությունները նորաձևության տների շրջանում աճող միտում են, որոնք ավելի ու ավելի հաճախ են օգտագործում տեխնոլոգիաները՝ իրենց դիզայներական զգեստները ցուցադրելու համար: