Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին երեքշաբթի օրը հայտնել է, որ վարակվել էր կորոնավիրուսով, բայց արդեն ամբողջովին ապաքինվել է:
«Համավարակը, որը ցնցել է ողջ աշխարհը, ընդգրկել էր նաև ինձ և ընտանիքիս անդամներից մի քանիսին»,- CNN-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ երգիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս նշել է, որ ավելի շուտ չէր հայտնել իր վարակվելու մասին, որպեսզի «անհարկի չանհանգստացնի» իր երկրպագուներին։
Բոչելլին որոշել է հայտնել հիվանդությունը հաղթահարելու մասին, քանի որ պատրաստվում է արյունը նվիրաբերել՝ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց գտնելու կլինիկական ուսումնասիրությանը:
Հիշեցնենք, որ ապրիլին Զատկի տոնի առթիվ իտալացի երգիչը բացօթյա համերգով է հանդես եկել Միլանի տաճարում, որը համավարակի պատճառով փակ էր այցելուների համար։