Սիլվի Բարկովան՝ Հնդկաստանում տիրող իրավիճակի, սիրելի հնդկական տոների, յութուբյան ալիքի ու սպասվող նորությունների մասին

Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան հայտնի է դարձել տաբեր հեռուստասերիալների ու սիթքոմների շնորհիվ։ Այժմ նա որոշել է իր երկրպագուներին ու հնդկական մշակույթով, խոհանոցով, ավանդույթներով հետաքրքվող բոլոր մարդկանց ներկայացնել հետաքրքիր տեսանյութեր։ Օրեր առաջ դերասանուհին հայտնեց, որ բացել է իր յութուբյան ալիքն ու սկսելու է հաղորդումների շարք ներկայացնել։ Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում Սիլվին պատմել է կորոնավիրուսի համավարակի պատճառով Հնկաստանում տիրող խուճապի, սպասվելիք ծրագրերի, սիրելի հնդկական տոների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Հնդկաստանում նույնպես տարածվել է կորոնավիրուսը: Դերասանուհին և նրա ընտանիքը նույնպես տնային մեկուսացման մեջ են․ «Այստեղ կարանտինը սկսվեց մարտ ամսվա սկզբին ու մենք մինչև հիմա կարանտինային ռեժիմի մեջ ենք։ Այստեղ այն շատ ավելի խիստ էր, քան Հայաստանում։ Տանն էինք ողջ օրը, սկզբնական շրջանում շատ ֆիլմեր էինք դիտում, բայց հետո դա էլ ձանձրացրեց։ Քանի որ մեծ պահանջարկ կար իմ հետևորդների կողմից, որ յութուբյան ալիք բացեմ ու ցույց տամ այստեղի մշակույթը, պատմեմ վարսերի ու դեմքի խնամքի մասին, ներկայացնեմ տեղի խոհանոցը, այդ իսկ պատճառով որոշեցի հենց այս ընթացքում բացել իմ յութուբյան ալիքը»։

Սիլվին պատմում է, թե ինչպիսին է համավարակի տարածման իրավիճակը Հնդկաստանում ու գնահատել տեղի բնակչության տեղեկացվածությունն ու համավարակի դեմ պայքարում ձեռնարկած քայլերը․ «Այստեղ՝ Հնդկաստանում մարդիկ բաժանվում են երեք խավերի՝ շատ հարուստներ, միջին կարողության տեր և բավականին աղքատներ։ Միջին և հարուստ խավերի ներկայացուցիչներն իհարկե պահպանում են անվտանգության բոլոր կանոնները՝ ձեռնոց կրել, դիմակ կրել, իսկ աղքատ խավը՝ ոչ։ Բայց նկատել եմ, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ կերպ պահել կանոնները՝ գոնե դիմակ կրելով, բայց քանի որ ծայրահեղ վատ կենցաղով ապրող մարդիկ են, չեն կարողանում ապահովել հիգիենան, այդ իսկ պատճառով էլ չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ամբողջությամբ հետևել անվտանգության կանոններին։ Բոլորն էլ տեղեկացված են, բայց մարդիկ շատ վախեցած են։ Եթե մեզ մոտ՝ Հայաստանում այդ տագնապը այդքան չկա ու հստակ ամեն ինչ լուսաբանվում է, ասվում է, որ բնակչության կեսը գոնե պետք է վարակվի, որպեսզի հիվանդությունը նահանջի, այստեղ այդպես չէ։ Այստեղ սպասում են պատվաստանյութին ու շատ վախեցած են։ Երբ լսում են, որ ինչ-որ մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, խուճապահար են լինում ու չեն հավատում, որ դա կարող է արագ բուժվել։ Ես այստեղ շատերին ասում եմ, որ այս հիվանդությունը կարող է թեթև ընթանալ, քիչ ախտանիշներ ունենալ ու հիվանդը կարող է արագ կազդուրվել, բայց ինձ չեն լսում, չեն հավատում։ Մարդիկ մտածում են, որ այս հիվանդությունը դատավճիռ է, որ եթե քեզ մոտ կորոնավիրուս է ախտորոշվում, ուրեմն դու անպայման մահանալու ես»։

Դերասանուհին օրեր առաջ հայտնեց, որ բացել է իր յութուբյան ալիքը։ Նրա խոսքով՝ առաջարկն ու հետաքրքվածությունը ի սկզբանե եղել է նրա երկրպագուների կողմից, որոնք ցանկանում էին ավելի շատ տեղեկանալ նրա կյանքի մասին Հնդկաստանում․ «Յութուբյան ալիքս բացել եմ իմ հետևորդների հորդորով, քանի որ իրենք դեռ մեկ տարի առաջ էին ինձ խնդրում, որպեսզի բացեմ այդպիսի ալիք ու ցույց տամ Հնդկաստանն ու ավելի շատ իրենց ծանոթացնեմ այստեղի առօրյայի հետ։ Վերջերս ես սկսեցի շատ կիսվել իմ հետևորդների հետ տարբեր դիմակների ու խնամքի միջոցների մասին տեղեկություններով, քանի որ արդեն բավականին իրազեկված եմ դեմքի ու վարդերի խնամքի հնդկական մեթոդների մասին։ Ես սկսեցի նրանց առաջարկել շատ պարզ ու հասանելի բաղադիչներով դիմակների բաղադրատոմսեր, որոնց տված արդյունքը չի զիջում նաև շատ կոսմետոլոգիական թանկարժեք միջամտություններին։ Բայց երկար ժամանակ ես այդ բաղադրատոմսերը ներկայացնում էի իմ ինստագրամյան էջի Stories բաժնում, ու ինձ սկսեցին ավելի ու ավելի շատ գրել ու ասել, որ այդպես չեն հասցնում տեսնել, քանի որ դրանք չեն պահպանվում ու հորդորեցին բացել յութուբյան ալիքն ու բաղադրոտոմսերն այնտեղ ներկայացնել։ Այդպես որշեցի նաև իմ ալիքում պատմել այդ ամենը, որպեսզի մեր աղջիկների համար էլ հասանելի դարձնեմ այդ օգտակար տեղեկությունները»։

Սիլվին մանրամասնում է, թե ինչ թեմաների է անդրադառնալու նոր թողարկումների ընթացքում․ «Իմ նպատակն է հասանելի դարձնել հնդկական խոհանոցը հայերի համար, անպայման պատմելու եմ, թե որ կերակուրն ինչպես է առաջացել, որովհետև այստեղ, նույն կերակուրը ամեն քաղաքում տարբեր կերպ են պատրաստում։ Այստեղ այնքան բազմազան ու բազմաշերտ են ավանդույթները, որ անդադար կարելի է պատմել ու թեմաները չեն սպառվի։ Կպատմեմ մաշկի, դեմքի ու վարսերի խնամքի միջոցների մասին, քանի որ հնդիկները շատ լավ վարսեր ունեն։ Ներկայացնելու եմ Հնդկաստանի տարբեր քաղաքները, նրանց մշակույթը, հավատքը, կինոարտադրությունը, պատմելու եմ Բոլիվուդի մասին, մի խոսքով կանեմ ամեն բան, որպեսզի հնարավորինս հետաքրքիր ու կարևոր տեղեկությունները հասանելի դարձնեմ մեր հանրության համար»։

Դերասանուհին արդեն ինտեգրվել է նոր մշակույթի ու հասարակության մեջ ու սկսել հնդկերեն սովորել․ «Արդեն փոքր ինչ խոսում եմ, բայց դեռ ամբողջությամբ չեմ հասկանում լեզուն»։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հնդկանան ֆիլմերում նկարահանվելուն և արդյոք ունի՞ նման առաջարկներ, Սիլվին պատասխանում է․ «Այստեղ ամեն ինչ փակ է, ֆիլմեր չեն նկարահանվում ու տեղեկություններ են շրջանառվում, որ մինչև օգոստոս դեռ ոչինչ չի նկարահանվի։ Եթե հետագայում լինի առաջարկ, իհարկե սիրով կհամաձայնեմ, բայց հիմա բոլոր ֆիլմերի նկարահանումները դադարեցված են»։

Դերասանուհին մեզ հետ կիսվեց նաև ամենասիրելի հնդկական երկու տոների մասին պատմություններով ու բացատրեց, թե ինչով են դրանք հատկանշական ու ինչ խորհուրդ են կրում իրենց մեջ․ «Ինձ դուր է գալիս Հոլին։ Դրա մասին շատերը գիտեն։ Այս օրը մարդիկ իրար վրա գույներ են նետում, ջուր են ցողում, ինչպես մեզ մոտ Վարդեվառի ժամանակ, բայց ոչ այնքան շատ ու դույլերով, որքան մեզ մոտ ենք սիրում անել։ Այդ օրը մարդիկ պարում են փողոցներում, ուրախանում են, անծանոթներն իրար ջերմ բարևում են, միմյանց հրավիրում են տուն՝ մասնակցելու խնջույքի։ Այդ տոնն է ինձ համար շատ հետաքրքիր ու սիրելի։ Երկրորդ տոնը, որն ինձ ևս շատ է դուր գալիս, ավելի խորը իմաստ ունի՝ Կարվաչոտն է։ Այդ օրը կանայք ծոմ են պահում ու ողջ օրը հաց չեն ուտում ու ջուր չեն խմում և ողջ օրը միայն աղոթում են իրենց ամուսինների համար ու երեկոյան, երբ լուսինն արդեն դուրս է գալիս, ամուսինն իր ձեռքով ջուր է բերում կնոջը, կինը դիպչում է ամուսնու ոտքերին ու նրանից օհնություն ստանում։ Ջուր տալուց հետո ամուսինը նաև համեղ կերակուր ու քաղցրավենիք է հյուրասիրում իր կնոջն ու նրան նվեր է տալիս։ Կան ամուսիններ, որոնք այդ օրը միանում են իրենց կանանց ու նրանց համար են ծոմ պահում և աղոթում նրանց համար»։

Հարցին, թե արդյոք մարդիկ ավելի շատ մանրամասներ կիմանա՞ն դերասանուհու ընտանիքի մասին, կլինե՞ն հոլովակներում անդրադարձներ նրա ամուսնուն, ընտանքին ու իրենց կյանքին, Սիլվին նշում է․ «Ես չեմ սիրում հանրայնացնել իմ ընտանիքը և իմ ու ամուսնուս հարաբերությունները։ Նկատած կլինեք, որ ես նույնիսկ շատ նկարներ չեմ էլ հրապարակում իմ ամուսնու հետ։ Դե ընդհանրապես ոչինչ չհրապարակել էլ չի ստացվում, բայց որքան դա հնարավոր է, աշխատում եմ քիչ անել։ Չեմ կարող ասել, թե հետագայում միասին նկարահանած տեսանյութեր կունենանք իմ ալիքում, թե ոչ, բայց չեմ էլ բացառում դա»։

Սիլվին, ինչպես արտերկրում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը, շատ է կարոտել Հայաստանը ու համավարակի ավարտից հետո շատ է ուզում այցելել հայրենիք․ «Ես չգիտեմ, թե դա երբ հնարավոր կլինի, բայց առաջինը կցանկանայի տոմս գնել ու Հայաստան գալ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան