Կորոնավիրուսի համաշխարհային տարածումից ու համավարակ հայտարարվելուց ի վեր աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափ է առել դիմակների կամ դիմավահանների արտադրությունը, որոնք նաև ակտիվ սկսել են օգտագործել դիզայներներն իրենց նոր հավաքածուներում։ Showbiz.am կայքը զրուցել է Թինա Փափախչյանի հետ, ով առաջին հայ դիզայներն է, որ հարսանյաց զգեստների իր հավաքածուի մեջ որոշեց նորովի ներկայացնել համաշխարհային համաճարակի հիմնական ատրիբուտներից մեկը՝ դիմակը։ Սակայն զրույցում դիզայները պատմում է, որ մտահաղացումն իր մոտ առաջացել էր դեռ ամիսներ առաջ՝ մինչ կորոնավիրուսի տարածումը։
«Դեռ մեկ տարի առաջ, երբ էսկիզավորում էի, պետք է օգտագործեի իսպանական վերածննդի Գորգերա կոչվող օձիքը. այն գլխի հարդարանքի միջոցով արտահայտիչ դարձնելու համար որոշեցի իմ հավաքածուի բոլոր մոդելների դեմքերը ամբողջովին կամ մասամբ ծածկել։
Ցավոք, մեր կյանքում եղավ այս ժանտախտային ժամանակաշրջանը և հասկացա, որ իմ հավաքածուն անկախ իմ կամքից ձուլվեց 2020 թվականի հարսանեկան թրենդների մեջ»,- պատմում է Թինան։
Դիզայները նշում է, որ իր հավաքածուի հիմքում ընկած է մի ամբողջ պատմություն և յուրաքանչյուր դետալի մեջ կա մի մեծ խորքային իմաստ։
«Ինձ համար առաջնայինը հագուստը կրողին կամ դիտողին վերածննդի շունչ փոխանցելն է»,- նշում է Թինան։
Սակայն կգտնվե՞ն արդյոք հարսնացուներ, ովքեր կցանկանան իրենց կյանքի ամենակարևոր օրերից մեկն անցկանցել դիմակով, դժվար է ասել։ Դիզայների պնդմամբ՝ շատ մտահոգիչ է այն փաստը, որ մեր հայուհիների մեծամասնությունը տարբերվելու ցանկություն ընդհանրապես չունի։
«Այն, ինչ նորամուծություն է, անսովոր է աչքին, ու քչերն են հասկանում, ընդունում։
Այս դիմակները կկրեն միայն այն հայուհիները, ովքեր կցանկանան իրենց կյանքի կարևորագույն օրը տարբերվել և աշխարհում տիրող իրավիճակին համապատասխան կրեատիվ կերպարանք ընդունել»,– կարծում է Փափախչյանը։
Թինան համաձայն է, որ կարանտինային պայմաններում հագուստի մոդելավորողները բախվել են լուրջ խնդիրների հետ, սակայն նա նշում է, որ երբեք ոչ մեկից ոչինչ պետք չէ ակնկալել, այս դեպքում նաև՝ կառավարությունից, քանի որ հիմա ավելի լուրջ խնդիրներ կան՝ մարդկանց կյանքեր փրկելը։
Իսկ թե արդյո՞ք կարանտինից հետո կբարձրանան բրենդային հագուստների գները, թե ոչ, Թինան պատասխանում է․«Երբ ստեղծագործող մարդ ես, շատ դժվար է գնային քաղաքականություն վարել․ ամենափոքր դետալից մինչև մեկ ամբողջություն ստեղծում ես, բնականաբար, այդ ամենն անգնահատելի է դառնում ստեղծողի համար, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր բրենդ իր աշխատանքը գնահատում է այնքան, ինչքան կամենում է, թեկուզ և դրանք շատ ժամանակ աստղաբաշխական են լինում։ Իսկ իմ հագուստները ինչքան էլ անգնահատելի են ինձ համար, բայց փորձում եմ այնպես անել, որ հասանելի լինեն բոլորին»։
Խոսելով կարանտիային ռեժիմի մասին՝ դիզայները հայտնում է, որ շատ ծրագրեր կային հավաքածուի հետ կապված, որոնք հետաձգվեցին։ Թինան նշում է, որ մի շարք պայմագրեր կային կնքված արտասահմանյան որոշ կազմակերպությունների հետ, որոնք խափանվեցին։ Բացի այդ դիզայները չի կարողանում ավարտին հասցնել նաև այս հավաքածուն, որովհետև կարանտինի հետևանքով մի շարք կտորներ դեռ չեն հասել, սակայն վերջինս վստահ է, որ խնդիրները ժամանակավոր են և ինքնամեկուսացման ռեժիմի թուլացումից հետո անպայման կլուծվեն։
«Ամբողջ պատմության մեջ պատերազմներից, նման վիրուսներից հետո նոր կյանք է սկսվել, իսկ նորաձևության մեջ նոր թրենդներ են առաջացել։ Պետք է բոլորը՝ անկախ մասնագիտությունից, իրենց ոլորտում գտնեն լուսավոր կետ և առաջնորդվեն դրանով։ Պետք է լավատես լինել և հասկանալ, որ սա հնարավորություն է միտքը հանգստացնելու և նոր կրեատիվ գաղափարներ իրականացնելու համար։ Սա համաշխարհային խնդիր է, և ամեն բան կկարգավորվի իր ժամանակին»,-իր խոսքը եզրափակումէ Փափախչյանը։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան