Երեսունից ավելի ակումբային երգիչներ ու երաժիշտներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պարետ Տիգրան Ավինյանին, որում խնդրել են թույլ տալ իրենց աշխատել։
«ՀՀ-ում արգելված է ակումբային երգիչ-երգչուհիների աշխատանքը: Բաց են ժամանցի այլ վայրեր, բաց են նույնիսկ ստրիպտիզ ակումբները, որտեղ հաճախորդ պարուհի շփումը շատ ավելի սերտ է, սակայն զարմանալի պատահականությամբ արգելված է երգիչների աշխատանքը, ովքեր գրեթե չեն շփվում հաճախորդների հետ:
Հիշեցնեմ. ակումբային երգիչները նույնպիսի շնչավոր մարդիկ են և քաղաքացիներ, ինչպես և, օրինակ, պատգամավորները: Հիշեցնեմ, որ այս շնչավոր մարդիկ ունեն ընտանիքներ և կենսական հոգսեր. սնվելու խնդիր, կոմունալներ վճարելու խնդիր, հարկեր, վարկեր և տան վարձեր վճարելու խնդիրներ, որ բացի տարրական հացի խնդրից, նրանք կանգնել են նաև բանկերի սև ցուցակներում հայտնվելու վտանգի առաջ: Եվ ուրեմն, եթե ևս մեկ ամիս երկարացվել է ԱԻ-ը, երբ նախորդների արդյունքում այս մարդիկ արդեն իսկ կանգնած են ծանրագույն սոցիալական խնդրի առաջ, և եթե այժմ պետությունը կրկին արգելում է նրանց աշխատանքը, ինչն, ի դեպ, նրանց գրեթե բոլորի համար ապրուստի միակ միջոցն է, (նրանք արվեստի մարդիկ են և դժվար թե կարողանան, օրինակ, կոսմետիկայի ցանցային առքուվաճառքով զբաղվել 2-3 ամսվա կտրվածքով), ապա այդ նույն պետությունը պարտավոր է հոգալ այս մարդկանց առաջնային կարևորության բոլոր ծախսերը, քանի որ տրամաբանությունից դուրս է դատապարտել մարդուն առանց գումար ապրելու պատժին ու չտալ դրան ոչ մի տրամաբանական բացատրություն: Խնդրանք պահանջ ակումբային երաժիշտների անունից` վերականգնել նաև իրենց աշխատանքը` հաշվի առնելով իրենց` որպես ՀՀ լիիրավ քաղաքացիների կյանքի և գոյության իրավունքը»: