Կորոնավիրուսի և կարանտինի արդյունքում ամենաշատ վնասներ կրած ոլորտներից մեկը համարվում է նորաձևությունը։ Այս ամիսների ընթացքում, կարելի է ասել, նորաձևությունը գտնվում է կանգնած վիճակում, չեղարկվել են բազմաթիվ հավաքածուների ստեղծման ու դրանց ներկայացման գորրծընթացները։ Բոլորը սպասում են կարանտինի ավարտին ու դրանից հետո եկող փոփոխություններին ու նորություններին։
ShowBiz.am-ը զրուցել է ոճաբան Գայանե Գևորգյանի հետ և փորձել պարզել, թե ինչ վնասներ է կրել նորաձևությունը կորոնավիրուսի պատճառով, ինչ փոփոխություններ է այն բերել համաշխարհային մոդայի ասպարեզ, ինչպես նաև անդրադարձել այս ամառվա գլխավոր նորություններին ու այն սխալներին, որնք թույլ են տալիս կանայք ու աղջիկները հագուստի ընտրության հարցում։
Ինչպե՞ս և ինչքանո՞վ COVID-19-ը անդրադարձավ նորաձևության ոլորտի և դրանում աշխատող մարդկանց գործունեության վրա։ «Նշեմ ամենակարևորը, որ աշխատանքային գործընթացը՝ ֆոտոշութերը, որով մենք զբաղվում էինք, կանգ առավ։ Մոլերի փակվելու արդյունքում շատերի գործը տուժեց, որովհետև ֆոտոշութերն արդեն միայն անցկացվում էին սքրիններով, այսինքն՝ Skype-ի միջոցով։ Ու շատ հայտնի աստղերի տարբեր ամսագրերի համար նախատեսված ֆոտոշարքերն արվում էին հիմնականում Skype-ի միջոցով։ Բայց ես ինքս իմ գործունեությունը շարունակել եմ ծավալել, ես նաև օնլայն մասնագիտական՝ ոճաբանությանն առնչվող դասընթացներ էի վարում։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ ես զբաղված եմ եղել և գրեթե պարապ ժամանակ չեմ ունեցել»,- պատմում է Գայանե Գևորգյանը։
Շատերը պնդում են, որ այս վիճակը ֆինանսական լուրջ հարվածներ է հասցրել ոլորտում աշխատողներին և այս վնասները դեռևս շատ երկար ժամանակ տեսանելի կլինեն։ «Եթե անկեղծ լինենք, ապա կասեմ՝ ես ընդհանրապես չեմ բողոքում, որովհետև աշխատանքային առումով՝ ես իմ գործով շարունակում եմ զբաղվել, ունեմ հաճախորդներ, կան նաև իմ օնլայն դասընթացները, նաև այժմ օնլայն շոփինգն էլ է ակտիվ՝ չնայած այն փաստին, որ գնորդները չեն կարողանում հանդերձարանում փորձել զգեստները, ես ունեմ հաճախորդներ, որոնց հետ շարունակում եմ աշխատել, քանի որ արդեն ունեմ նախօրոք արված չափումները։ Գիտեք՝ շատերը նաև փորձում են մի կերպ, ինչ-որ ձևով թեկուզ շոուրումները աշխատեցնել, որ իրենց գործունեության ծավալը մեծացնեն ու հիմնականում այս առումով աշխատում է ավելի շատ Ինստագրամը։ Ինստագրամով մարդիկ ցանկանում են իրենց գործունեությունն ավելի ակտիվացնել, բոլորը տանն են նստած ու այս պահին ամենաշատ ակտիվը հենց սոցցանցերն են։ Դրա համար էլ, քանի որ ես ներկա պահին իմ Ինստագրամը ակտիվ եմ պահում, հիմնականում հաճախորդները նաև ավելանում են հենց դրա հաշվին։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են Ինստագրամում և ունեն հետաքրքիր կոնտենտ, կարող եմ ասել, որ իրենց գործուեությունը շարունակում են ակտիվ պահել։ Իհարկե, եթե համեմատենք, միանշանակ տարբերությունը կզգանք, որովհետև անգամ հաճախորդների գումարային բազան էլ է փոխվել, ու այս պարագայում, բնականաբար, պետք է փորձես «հարմար» աշխատել, որ տվյալ մարդկանց էլ ձեռնտու լինի»,- մանրամասնում է ոճաբանը։
Ըստ Գայանեի՝ կարանտինի ավարտից հետո գնային աճ առանձնապես չի նկատվի․ «Քանի որ ինչքան էլ կարանտինն ավարտվի, մարդիկ ամեն դեպքում գումարային կորուստներ են ունեցել այս ընթացքում, ճգնաժամ են ապրել ու դրա համար էլ կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ, մինչև որ այս վիճակը չկայունանա, գնային լուրջ տատանումներ չեն սպասվի»։
Այս շրջանում շատերը կարողացան առիթն օգտագործել և արտադրել ոճային դիմակներ և ձեռնոցներ, այս փաստին ևս կարելի է դրական կողմից նայել։ «Ասեմ, որ հիմնականում բոլորը, ովքեր գործունեություն են ծավալում նորաձևության ոլորտում, պետք է կարողանան կպնել ամենաարդի թեմային, այսինքն՝ այն ինչն ամենաակտուալն է։ Ու դրա համար մարդիկ փորձում են ստեղծել այն, ինչն այս պահին ամենապահանջվածն է, որ կարողանան նաև վաճառք ապահովել։ Շատերը գնեցին հենց այդ դիմակաները ու դրա միջոցով իրենց տարբերվող ու յուրահատուկ զգացին»,- կիսվում է Գայանեն։
Ըստ նրա՝ կարանտինն իր հետ նաև հետաքրքիր նորություններ ու փոփոխություններ է բերել, որի հետ չհարմարվել չենք կարող․ «Հիմա նորաձևության մեջ շատ ակտուալ են աքսեսուարները ու դրա հետ մեկտեղ շատ մեծ ուշադրություն է դարձվում վերին հատվածին։ Քանի որ այժմ շարունակում են ակտուալ մնալ օնլայն շփումն ու հարթակը ու դրա հետ մեկտեղ, երբ դու ինչ-որ մեկի հետ տեսազանգով հաղորդակցվում ես կամ անում ես լուսանկարներ, երևում է քո մարմնի վերին հատվածը։ Ես գտնում եմ, որ նորաձևությունը քիչ-քիչ սկսում է իր թրենդները նվազեցնել ու փորձել այնպես անել, որ հենց դու կարողանաս մարդկանց առաջարկել ամենահարմարավետ տարբերակը»։
Այս ամառվա գլխավոր թրենդները մի քանիսն են․ըստ ոճաբանի՝ նորաձև են ջինսե կոմբինիզոնները, շատ նորաձև են նաև խակի երանգները, հետաքրքիր են բարձր ուսագլուխները, ինպես նաև պոլո զգեստներն ու բլուզները, որոնք բավականին երկար ժամանակ ակտուալ էին, հետո եկավ մի ժամանակ, երբ դրանք կորցրին իրենց ակտուալությունը, սակայն հիմա կրկին վերադարձել են նորաձևություն։
Սակայն այս ամենի հետ զուգահեռ գործում է նաև հակառակ բևեռը, երբ անտեղյակ լինելով՝ անում ես կոպիտ սխալներ․ ի՞նչ է պետք դրանից խուսափելու համար։ «Շատ աղջիկներ ու հատկապես հայ աղջիկները շատ սիրում են կրել չափազանց բարձր կրունկերով կոշիկներ՝ տարբեր քարերով կամ դետալներով, որից հարկավոր է ձերբազատվել, եթե բարձրակրունկ, գոնե հաստ տակացուներով։ Ինչպես նաև շորտերը, որոնք մենք հաճախ կրում ենք ու որոնք ունեն ցածր գոտկատեղ ու դրա հետ մեկտեղ ճղճղված են, կարելի է փոխարինել բերբուդե տարբերակներով։ Մի լրացում էլ տարբեր զգեստների բացվածքների վերաբերյալ․ ուղիղ բացվածքով զգեստները, երբ ուսագլուխներն ամբողջովին երևում են, տվյալ բացվածքով բլուզները կարելի է փոխարինել քառակուսի բացվածքով կամ մի ուսագլուխը բաց տարբերակներով»,- կիսվում է Գայանե Գևորգյանը։
Ոճաբանը նկատում է, որ հայ կանայք և աղջիկները սկսել են մեծ ուշադրություն դարձնել նորաձևությանը և առավել օրիգինալ ու տարբերովող լուծումներով հանդես գալ․ «Ես կարծում եմ, որ քիչ-քիչ գնում ենք դեպի ավելի հետաքրքիր տարբերակների յուրացման։ Մի էտապ եկավ, երբ գրեթե բոլորը միանման էին հագնվում, որն ակնհայտ երևում էր։ Բայց հիմա կարծում եմ՝ շատերը փորձում են իրենց անհատականությունն ունենալ, որիննպաստում է օնլայն հարթակում նորաձևությանն ուշադրություն դարձնելն ու հետևելը։ Կարծում եմ՝ այսուհետ մեր աղջիկներն ավելի յուրահատուկ, ավելի կերպարային կլինեն։ Ես միայն ուրախ կլինեմ, որ ոչ թե միայն հետևեն նորաձևությանը ու կրեն այն, ինչն ակտուալ է, այլ այն, ինչը սիրում են ու դրանով իսկ լինեն առանձնահատուկ և ինքնատիպ»։
Հեղինակ՝ Լուս Ավագյան