Դիզայներ Գայանե Մանուկյանը, ով «Just Black» բրենդի հիմնադիրն է, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմել է, թե կարանտինային ռեժիմի պայմաններում ինչպիսի՞ վիճակ է տիրում նորաձևության ոլորտում և ի՞նչ ճանապարհներ է նա փնտրում համաճարակի հետևանքով ստեղծված փակուղուց դուրս գալու համար։
Թե ինչպես է կորոնավիրուսն անդրադարձել ոլորտի վրա, Գայանեն ասում է․«Անդրադարձել է շատ բացասական, բնականաբար, որովհետև այս խնդիրների մեջ հագուստը չի մտնում։ Տուժել է բիզնեսը, սակայն հետաքրքիր իրավիճակ է, երբ սկսում ես վերլուծել քո ստեղծած արտադրանքը, հասկանում ես, որ ապագայում արդեն ամեն բան այլ է լինելու։ Կլինեն ապագայում նորություններ, որոնք կապված են լինելու հարմարավետության հետ։ Առաջնահերթ պահանջներից մեկն է լինելու հարմարավետությունն ու մինիմալիզմը»։
Դիզայները, չնայած իր լավատեսությանը, դրական կանխատեսումներ չի անում, բայց միաժամանակ, չի պատրաստվում անգործ նստել ու սպասել, թե երբ ամեն բան կկարգավորվի։
«Նախ ես կարծում եմ, որ մինիմում մեկ տարի ոլորտը դեռ կլինի տուժածերի ցանկում։ Շատ դժվար է ոտքի կանգնելու ոլորտը, որովհետև մարդկանց մեջ դեռ երկար կմնան վախերը կապված ֆինանսական խնդիրների հետ։ Այնպես որ ես շատ դրական տրամադրված չեմ, ռեալիստ եմ, սակայն միևնույն ժամանակ, ամեն ինչ կախված է նաև նրանից, թե դու ինչպես ես ուզում դուրս գալ այդ ամենից և ինչ ես առաջարկում մարդկանց»,- հավատացնում է նա։
Գայանեն նշում է, որ մի շարք ծրագրեր են խափանվել կարանտինի հետևանքով և նշում է, որ այս վիճակի ավարտից հետո աշխատանքն այլևս առաջվա պես չի լինելու։
«Կարանտինի հետևանքով կանգնել են բոլոր վաճառքները, որոնք պետք է իրականացնեի։ ԱՄն-ում ու ՌԴ-ում պետք է մարտի սկզբին վաճառքի հանվեր իմ հավաքածուն, բայց սկսվեց արտակարգ իրավիճակն ու կանգ առավ ողջ ընթացքը։ Կարանտինից հետո սկսելու եմ նոր արտադրանքի մշակմամբ զբաղվել և վերագնահատելով իրավիճակը՝ թարմացնելու եմ հավաքածուն ու փորձելու իրականացնել մտահաղացումներս»,-ասում է նա։
Արտակարգ դրության պայմաններում դիզայներ Գայանե Մանուկյանն առաջարկում է նորաձև դիմակներ, որոնք կամբողջացնեն կերպարները:
«Երբ իրավիճակներ են փոխվում, բիզնեսը պետք է լինի ճկուն և հարմարվի իրականությանն՝ ըստ այդ իրավիճակի։ Քանի որ կար դիմակների մեծ պահանջարկ, մանավանդ բազմաքանակ օգտագործման դիմակների, ես որոշեցի, որ կարելի է պատրաստել։
Ասեմ, որ մինչև պատրաստելն ուսումնասիրել եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտները, պահանջները, ըստ որոնց անհրաժեշտ է որոշակի խտության կտոր բազմանգամյա օգտագործման համար։ Փորձել են ստանալ երկշերտ ու լվացվող դիմակներ, որոնք այնպիսի խտության կտորներից են, որ բացառվում է բացիլների ներթափանցումը»,- կիսվում է դիզայները, ով նաև պատմում է, որ ամիսներ անց կներկայացնի ներքնազգեստների իր նոր հավաքածուն։
Շատ դիզայներներ այս շրջանում ոչ միայն հրաժարվել են ամեն տեսակ զեղչերից, այլ նաև բավականին բարձրացրել են իրենց ապրանքանիշի ընդհանուր արժեքը, սակայն Գայանեն չի համալրել նրանց շարքերը։ Խոսելով զեղչերի ու սև ուրբաթի մասին՝ դիզայներն ասում է․«Չգիտեմ ինչպես կլինի մյուսների մոտ, սակայն մենք հաստատ անելու ենք սև ուրբաթ և դա կլինի ամենասև ուրբաթը մյուսների համեմատ»։
Դիզայները կիսվում է, որ կարանտինի հետևանքով առաջացած դժվար իրավիճակի, փակ ճանապարհների հետևանքով իր բզինեսը չի տուժում։
«Փակ ճանապարհները դեռևս չեն խոչընդոտել, որովհետև ես մեկ տարվա կտրվածքով էի նախատեսել հումքը պատվիրելիս։ Փառք Աստծո, հումք ունեմ ու մինչև դեկտեմբեր կկարողանամ աշնանային հավաքածուն համալրել, սակայն հետո հույս ունեմ, որ խոչընդոտ այլևս էլ չենք ուենենա ու կկարողանանք ազատ պատվիրել դիզայներներին անհրաժեշտ նյութերը»,- ասում է Գայանեն։
Հումորիստ Վաչե Թովմասյանի կինը կիսվում է, որ աշխատանքից դուրս իր ողջ ժամանակը նվիրում է փոքրիկ դստերը, ում օրը փորձում է ամեն կերպ դարձնել ավելի ուրախ։
«Միայի առօրյան անցնում է նոր խաղերով, որոնք սկել են սպասռվել։ Հաճախ սկսել ենք զբոսնել այն վայրերում, որտեղ մարդաշատ չէ, որովհետև անհնար է առանց զբոսանքի ու մաքուր օդի։ Իհարկե, պահպանում ենք բոլոր կանոններն ու մեզ ապահով ենք զգում։ Բայց հաշվի առնելով, որ երկար ժամանակ ենք տանն անցկացնում, երեխան արդեն նոր պահանջներ է ներկայացնում»,- ժպիտով պատմում է Գայանեն։
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Վաչե Թովմասյանը հանդես է գալիս իր նոր նախագծում, որտեղ երևում են Վաչեի գրեթե բոլոր մտերիմներն ու հարազատները՝ բացի Գայանեից։
Այս փաստը բավականին զարմացրել էր երկրպագուներին, բայց ցանկանալով փարատել նրանց հետաքրքրասիրությունը՝ Գայանեն խոստովանում է․ «Ռեալիթի -շոուում կմասնակցեմ, այս պահին ոչ, բայց ապագայում ինչ-որ էպիզոդներում ես կլինեմ»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան