«Տոնեցինք մինչև առավոտյան ժամը 6-ը». Լուիզա Ներսիսյանը` ծննդյան օրվա, գործընկերների անակնկալի ու երազանքի մասին

Սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Կինոյի և թատրոնի դերասանուհին Showbiz.am-ի հետ զրույցում պատմել է գործընկերների անակնկալի, տորթի մոմերը փչելիս պահած երազանքի ու ամենահիշվող տարեդարձի մասին:

«Երեկ երեկոյան ես նկարահանումների էի ու հենց գիշերվանից սկսեցինք տոնել ծննդյանս օրը։  Կեսգիշերին Women’s Club-ի նկարահանումների ավարտից հետո, երբ դեռ նոր էինք ավարտել իմ ու Չարենցի կտորի նկարահանումը, պատահաբար ակումբի բենդի երաժիշտները սկսեցին «Happy Birthday» երգը նվագել, իսկ իմ կոլեգաները` Women’s Club-ի անդամները, տոնական տորթերով մոտեցան ինձ ու բոլորով սկսեցին շնորհավորել: Մի խոսքով՝ օրս շատ ուրախ սկսվեց։ Շատ բարձր տրամադրությամբ ծնունդս միասին տոնեցինք մինչև առավոտյան ժամը 6-ը»,- պատմում է դերասանուհին: Դերասանուհու ծննդյան օրվա մեկնարկը շատ տպավորիչ է եղել, բայց օրը դեռ առջևում է. «Քանի որ ծննդյանս օրվա հետ կապված պլաններ կազմել չեմ սիրում, այդ օրը ուրիշ զգացմունքներով եմ արթնանում: Սիրում եմ, երբ օրն ընթանում է իր հունով, այլ ոչ թե ըստ նախօրոք ծրագրված կետերի: Այդ իսկ պատճառով էլ դեռ չգիտեմ, թե օրն ինչ անակնկալներ կմատուցի և երեկոն ինչպես կանցնի՝ չնայած նրան, որ գիշերն արդեն հասցրինք նշել»:

Գործընկերները դերասանուհուն շնորհավորելիս 2 տոնական տորթեր էին բերել, որոնք ակնարկել են Լուիզայի հավերժ երիտասարդությունը. «Մի տորթի վրա գրված էր 0, իսկ մյուսի վրա Birthday Girl բառակապակցությունը, նրանք դիտմամբ ոչ մի թիվ չէին գրել, իսկ այդ քայլը բացատրեցին նրանով, որ ես հավերժ եմ ու տարիք չունեմ (հեղ. ծիծաղում է): Բոլորն ասում են, որ Լուիզա ասելիս ակամայից հավերժության հետ են ինձ ասոցացնում»:

Դերասանուհին տորթի մոմերը փչելիս երազանք է պահել: Նա ասում է, որ երազանքը կապված է հենց իր այդ հավերժական կերպարի հետ ու ցանկանում է, որ այն իսկապես այդպիսին էլ շարունակի մնալ: Դերասանուհին, խոսելով այն մասին, թե ինչ է մաղթում ինքն իրեն, ասում է. «Ամենակարևորը կցանկանամ, որ ինձ մոտ երբեք չվերանա երազելու և այդ երազանքները նպատակների վերածելու ցանկությունը»:

Տարիների ընթացքում մարդիկ փոխվում են ու ամեն տարի հետ նայելով հասկանում, որ այլևս առաջվանը չեն. «Հիմա արդեն ավելի համբերատար եմ դարձել: Մյուս առումներով ոչինչ չի փոխվել բնավորությանս մեջ, ուղղակի համբերատար դառնալու շնորհիվ այլ դրական հատկանիշներ ևս ակտիվացել են: Համբերատար մարդը մի քիչ ավելի զիջող և իրավիճակը ճիշտ գնահատող է դառնում»,- անկեղծանում է դերասանուհին:

Լուիզա Ներսիսյանի համար ամենաթանկ նվերը ընտանիքի, մտերիմների ու ընկերների կողմից ստացած անմոռանալի հույզերն են. «Այնքան դրական ու վառ էմոցիաներ եմ ստացել թե՛ ընտանիքի, թե՛ գործընկերների կողմից: Երբ հավաքվել ու նշում էինք ծննդյանս օրը, մեզ նաև միացան Կամերային թատրոնի ընկերներս: Շատ ջերմ մթնոլորտ էր ու բազմակողմանի հույզեր եմ ստացել: Դա ամենամեծ անակնկալն է․ հաճելի է զգալ, որ սիրված ու գնահատված ես և կողքիդ ունես շատ մտերիմ մարդիկ»:

Հարցին, թե իր ծննդյան որերոդ տարեդարձն է ամենատպավորիչն ու հիշվողը եղել, դերասանուհին իրեն բնորոշ հումորի զգացումով, պատասխանում է. «74-րդը, այն նման չէր 68-րդ տարեդարձիս»:

Եզրափակելով իր խոսքը՝ դերասանուհին փորձեց պատկերացնել իրեն 10 տարի անց իր ծննդյան օրը. «Տասը տարի անց՝ իմ ծննդյան օրն, ուզում եմ պարզապես ինձ տեսնել (հեղ. ծիծաղում է)»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան