Աղաս Մանուկյանի` «Ա ընչի հըմար» stand up ժանրի ներկայացման պրեմիերան և հայտնի հյուրերը

«Ա ընչի հըմար». հումորային մի արտահայտութուն, որ շատ-շատերն են օգտագործում, և գրեթե բոլորին այն հիշեցնում է հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանին: Հենց այս խորագիրն էր կրում Աղասի Stand up ժանրի առաջին մեծ ներկայացումը, որի պրեմիերան կայացավ երեկ «Բոհեմ» թատրոնում: Լեփ-լեցուն դահլիճ, լուսավորված բեմ, տրամադրող ու տրամադրության մեջ պահող երաժշտություն և, իհարկե, բեմում արտիստը` իր շատ բեմական կերպարով ու հումորներով:

70 րոպե տևողությամբ ներկայացման ժամանակ հանդիսատեսը ստացավ հումորի մեծ պաշար և լիաթոք ծիծաղ: Իսկ շեշտը դրված էր հատուկ արտահայտությունների վրա, որոնք մենք բոլորս շատ հաճախ ենք անում, ասում ամեն օր` առանց երկար-բարակ մտածելու, թե ինչ է դա նշանակում կամ ինչի համար:

ShowBiz.am-ը ներկա է եղել պրեմիերային, ներկայացումից առաջ զրուցել դերասանի հետ սցենարական աշխատանքների, փորձերի և բեմ բարձրանալուց առաջ ունեցած զգացողությունների մասին, ինչպես նաև ֆիքսել հումորային պահերն ու հայտնի հյուրերին:

Նմանատիպ մոնո ներկայացում ունենալու գաղափարը Աղասն ունեցել է դեռ այն ժամանակ, երբ Արմենիա TV-ով հերարձակվող Stand up  նախագծում հանդես էր գալիս կարճ հումորային stand up համարներով, իսկ անվան ընտրությունը նա այսպես բացատրեց. «Աստիճանաբար նկատեցի, որ բարբառի հիման վրա ասված «Ա ընչի հըմար» արտահայտությունը լայն տարածում գտավ, զգացի, որ մարդիկ ինձ տեսնելիս անմիջապես դա են հիշում ու ասում, և հասկացա, որ կարելի է ունենալ Stand up  ժանրի մոնո ներկայացում` «Ա ընչի հըմար» խորագրով:

Դերասանը շուրջ մեկ ամիս պատրաստվել է այս ներկայացմանը, իսկ սցենարի հիմնական մասը հենց ինքն է գրել, թեև եղել են օգնող ընկերներ. «Ունեմ սցենարիստ լավ ընկերներ, որոնք օգնել են ինձ. շնորհակալ եմ Գուրգենին Հակոբյան, Ռուբենին Սաֆարյան, իհարկե, նաև Մենչին, ով նույնպես ունեցել է իր ներդրումը, սակայն նշեմ, որ հիմնական մասը` սցենարի 80 %-ն, իմ գրածն ու իմ աշխատածն է, իսկ ժանրը` չափազանց հոգեհարազատ է ինձ»:

Աղասը նշեց, որ մենք բոլորս առօրյայում այնքան անիմաստ արտահայտություններ ենք անում, սակայն երբևե չենք մտածում` դրանք արդյո՞ք իրենցից որևէ բան են ներկայացնում կամ նշանակում: Այ իսկ նա երկար է մտածել այս ուղղությամբ և  շեշտադրումը դրել հենց դրա վրա. «Ես այսօր դահլիճում ներկա գտնվողներին բոլորին կապացուցեմ, որ դրանք անիմաստ արտահայտություններ են»,- ներկայացումից առաջ  մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ  վստահորեն ասաց դերասանը:

Ինչպես նշեց նա, կա թյուր կարծիք, որ եթե դերասան է , ուրեմն չի հուզվի բեմ բարձրանալուց առաջ կամ դերասանը չպետք է հուզվի. «Առաջին մեծ մասշտաբային ներկայացումս է, և, իհարկե, կա նաև հուզմունք, փոքր-ինչ էլ լարվածություն, և դա բնական է: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես, որ գումար է տալիս, տոմս գնում և գալիս ներկայացումը նայելու, այստեղից գոհ ու բավարարված հեռանա»:

Արդյո՞ք սպասվում է նաև «Ա ընչի հըմար» ներկայացումով հանդես գալ նաև դրսում` Աղասը նշեց, որ սեպտեմբերի 15-ին Լոս Անջելեսում ևս կկայանա այն, իսկ դրանից հետո նոր պարզ կլինի, թե էլ որտեղ կներկայացնի, սակայն Հայաստանում դերասանը մտադիր է  շարունակել այն և մարդկանց ցույց տալ, որ այդ արտահայտություններն իրականում անիմաստ են:

Ներկայացումը տպավորիչ էր նաև այնքանով, որ ամենավերջում դերասանը հանդես եկավ ելույթի խոսքով, որտեղ չկար հումոր, սակայն կային կարևոր խորհուրդներ և խոսքեր: Հումորային սցենարը գրելիս Աղասը չէր մոռացել նաև հանդիսատեսին իր խոսքով ցույց տալ սիրո, հարգանքի և երեխաներին ճիշտ դաստիարակություն ու սեր սնուցելու կարևորությունը:

 

Նյութը` Կիմա Միրզոյանի

Լուսանկարները` Ալբերտ Հարությունյանի