Ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններում Լուիզիանա նահանգում որպես թեկնածու գրանցվելու համար։
Ուեսթի փաստաբանը հայտնել է, որ նա փաստաթղթերը ներկայացրել է ուրբաթ` վերջնաժամկետից մի փոքր առաջ։
Ռեփերի փաստաբանը հավելել է նաև, որ նա փաստաթղթերը ներկայացրել է փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի հետ։
Ի դեպ, Լուիզիանայում, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս նահանգների, ընտրողների գրանցման համար հազարավոր ստորագրությունների հավաքման ընթացակարգը պարտադիր պայման չէ: Գրանցվելու համար անհրաժեշտ է պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վճարել 500 դոլար։
Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հուլիսի 15-ին` Օկլահոմա նահանգի ընտրահանձնաժողովում։ Նա խոստացել է, որ եթե նախագահ դառնա, Ամերիկան կվերածվի Վականդուի (հորինված, արտաքին աշխարհից թաքնված երկիր, որը հիշատակվում է Marvel–ի ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների շարքում)։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: