Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը հեռուստահաղորդավար Նիկ Քենոնի Cannon’s Class հեռուստառադիոծրագրի ժամանակ պնդել է, որ 2009-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Աստծո դրդմամբ» է ընդհատել երգչուհի Թեյլոր Սվիֆթի ելույթը, գրում է Daily Mail-ը։
Երեքշաբթի հրապարակված հարցազրույցում Ուեսթը պնդում է, որ իր գործողությունները «Բարձրյալից ուղարկված ազդակի հետևանք են եղել»։
«Եթե Աստված չցանկանար, որ բեմ դուրս գայի ու հայտարարեի, որ Բեյոնսեին է պատկանում տարվա լավագույն տեսահոլովակը, նա ինձ առաջին շարքում չէր նստեցնի։ Նա ինձ հետևի շարքում կնստեցներ»,- ասել է Ուեսթը։
Նա նաև խոստովանել է, որ Աստվածաշունչ սկսել է կարդալ 2016 թվականին իր հոսպիտալացումից հետո։
«Աստված բազմիցս ծնկի է բերել ինձ։ Առաջին անգամ, երբ 2016-ին տեղափոխվեցի հիվանդանոց, սկսեցի Աստվածաշունչ կարդալ»,- ասել է նա։
Նշենք, որ 2009 թվականին VMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը բեմ է բարձրացել ու խանգարել Սվիֆթին մրցանակը ստանալու պահին` հայտարարելով, որ այդ մրցանակը պետք է տրվեր Բեյոնսեին:
Միևնույն հարցազրույցի ընթացքում ռեփերը նաև հերքել է հայտարարություններն այն մասին, թե Հանրապետական կուսակցության անդամներն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար վճարում են իրեն՝ պնդելով, որ նա «ավելի շատ փող ունի, քան Թրամփը»: