Եվգենի Պետրոսյանը ներողություն է խնդրել Ջիգարխանյանի մահվան մասին իր խոսքերի համար

Կատակերգու Եվգենի Պետրոսյանն Ինստագրամյան էջում մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է իր խոսքերից հետո այն մասին, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է «տառապանքների մեջ» և ներողություն խնդրել դրա համար։

Պետրոսյանը հայտնել է, որ հարցազրույցի նախօրեին, որի ընթացքում մտադիր էր խոսել միայն ստեղծագործության մասին, իրեն գրել է մեկն, ում ինքը մի փոքր ճանաչել է։ Նրա խոսքով՝ վերջինս, իբրև, եղել է հիվանդանոցում, ուր գտնվել է Ջիգարխանյանը։ «Նա նկարագրել է հենց այն պատկերը, որի մասին ես պատմել եմ։ Ես բացարձակապես մտադիր չէի իմանալ, թե իմ կողմից ում օգտին է պատմվել այդ փաստը։ Ինձ անհանգստացնում էր միայն արտիստի ճակատագիրը»,- պարզաբանել է հումորիստը։

Նա նշել է, որ հարցազրույցի ընթացքում իրենից «կորզել» են թեմաներ, որոնք ինքը չի պայմանավորվել քննարկել։ «Խառնվածքիս բերումով չդիմացա, խոսեցի այդ մասին այն կոնտեքստում, որ նորաձև խայտառակություն է դարձել հեռուստատեսությամբ փորփրել հարգված մարդու անձնական կյանքը, հերյուրանքներ պատմել ու պատահական մարդկանց, որոնք պատկերացում չունեն այդ անձնական կյանքի մասին, թույլ տալ դատել դրա մասին։ Եվ որպես օրինակ ես ներկայացրի Արմեն Բորիսովիչին»,- նշել է արտիստը։

Հարցազրույցի ձայնագրությունից հետո նա նկատողություն է արել հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովին, որ զրույցի երկրորդ մասում անդրադարձ է կատարվել անձնական թեմաների։ Բացի այդ՝ Պետրոսյանը խնդրել է չներառել Ջիգարխանյանի մասին պատմությունը, քանի որ տեղեկությունը հաստատված չի եղել, եւ ինքն իրավունք չի ունեցել խոսել այդ մասին։ Հումորիստը նշել է, որ Մանուչարովը խոստացել է դա։ Բացի այդ՝ արտիստին խոստացել են ցույց տալ մոնտաժված թողարկումը եւ եթերից հանել այն, ինչ ինքն անհրաժեշտ չի համարի։ Պետրոսյանը, սակայն, նշել է, որ դա եւս չի արվել։ Նա կարծում է, որ հաղորդավարը պայմանավորվածություն է ձեռք բերել «Առաջին ալիք»-ի հետ ու վաճառել հարցազրույցը։ Հումորիստը խոստովանել է, որ դա լուրջ հարված է եղել, քանի որ ինքը հարցազրույց է տվել YouTube-ի, ոչ թե դաշնային ալիքի համար։

«Ավելին, ես երբեք այդպիսի հաղորդումների չեմ գնացել եւ չեմ գնա, քանի որ դրանք այս օրերի խենթություն եմ համարում, ուր քննարկվում են կեղծ հաշիվներ, ուր հաճույքով լսում են մտացածին կամ խեղաթյուրված փաստեր, հավաքվում են տարօրինակ մարդիկ, որոնք պատկերացում չունեն, թե ինչի մասին է իրականում խոսքը»,- պարզաբանել է արտիստը։ Նա նաեւ ներողություն է խնդրել, որ նման իրավիճակ է ստեղծվել։

Ավելի վաղ «Эмпатия Манучи» Youtube-յան շոուի ընթացքում հումորիստը պատմել է, թե Ջիգարխանյանն իբրեւ «տառապանքներ ու ցավեր» է զգացել։