Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուն՝ New York Yankees բեյսբոլի ակումբի նախկին անդամ Ալեքս Ռոդրիգեսը, մեղադրվում է խարդախության և դրամաշորթության համար, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ բեյսբոլիստի դեմ հայց է ներկայացրել նախկին կնոջ եղբայրը՝ Կոնստանտին Սքուտիսը։
Լրագրողների մոտ հայտնված փաստաթղթերում թվարկվում է հանցագործությունների տպավորիչ ցանկ, այդ թվում՝ կեղծ հարկային փաստաթղթերի ներկայացում, ապահովագրության հետ կապված խարդախություն, ռեկետ (խոսքը վերաբերում է Ռոդրիգեսի ու Սքուտիսի ստեղծած անշարժ գույքի կայսրության ենթադրյալ շորթմանը):
Նշենք, որ հայցը, որի շրջանակներում Ռոդրիգեսի նախկին կնոջ եղբայրը 50 մլն դոլար է պահանջում, ներկայացվել է դեռևս 7 տարի առաջ։
Հայտնի է, որ Ռոդրիգեսն ու Սքուտիսն անշարժ գույքի ոլորտում բիզնես են սկսել 2002 թվականին։ Հայցվորի խոսքով՝ «Ռոդրիգեսն իրեն խարդախությամբ դուրս է մղել բիզնեսից և զրկել եկամտից»։
Գործով հաջորդ դատավարությունը տեղի կունենա օգոստոսին։