«Փնտրվում է տղամարդ»․ Զիրոյանն ու Վիկտորյա Սահակյանը՝ իրենց միջև եղած քիմիայի և ներկայացման մանրամասների մասին

Երբ սիրում ես մեկին, շատ չես մտածում այն ամենի մասին, ինչի մասին մտածելը ցավ է պատճառում, և ներսից երաշտը շատ չես զգում․ այս թեորեմը մարտի 1-ին Կամերային թատրոնի բեմում՝ «Փնտրվում է տղամարդ» 18+ ներկայացման շրջանակներում, ստուգեցին Վիկտորյա Սահակյանն ու Վահե Զիրոյանը։

Հանդիսատեսից յուրաքանչյուրը, ով սիրել կամ սիրվել է, ներկայացման ընթացքում գտավ իր սիրային պատմության մի մասնիկը, ապրեց իր հիշողություններից մի կտոր․ սա մի զույգի պատմություն էր բոլոր զույգերի մասին։

Նշենք, որ այս ներկայացումը նախկինում բեմադրել է Լուսինե Երնջակյանը, իսկ գլխավոր դերում հանդես են եկել Արշալույս Հարությունյանն ու Լուիզա Ներսիսյանը։ Հեռանալով բեմից՝ Արշալույս Հարությունյանը հիշել է իր համար բավականին թանկ ու հարազատ այդ ներկայացումն ու որոշել այն վերաբեմադրել։

«Նախորդ անգամ Լուսինեն էր բեմադրել, իսկ ես խաղում էի։ Դե հիմա ես եմ բեմադրել, պարզ է՝ ավելի լավը կլինի»,- կատակում է  Արշալույսն ու հավելում,- «Թատրոնում ներկայացումը եղել  է, բայց այս անգամ ամեն ինչը, ըստ էության, փոխվել է։ Նրանք, ովքեր տեսել էին այս ներկայացումը, մեծ հաճույքով կդիտեն այն նոր լուծումներով, դերասանական նոր էներգետիկայով։ Որոշեցինք վերաբեմադրել, որովհետև ես այլևս չեմ խաղում, իսկ ներակայացումը շատ լավն է ու ափսոս է»։



Ռեժիսորը նշում է, որ հիմա, երբ այս դաժան ճանապարհները անցնելուց, պատմության դեֆորմացումից հետո թատրոնի առաջ հարց է ծառանում՝ ինչի մասին խոսել, հենց ճիշտն ժամանակն էր ներկայացնել հավերժ սիրո պատմությունը տղամարդ-կին հարաբերությունների մասին։

«Շատ թարմ ու հետաքրքիր թեմա է, ու կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է այս թեման։
Ես համոզված եմ, որ երիտասարդ զույգերը ներկայացումը նայելուց անպայման մի պահ ամուր կսեղմեն միմյանց ձեռքերը, սիրահար զույգերը հաստատ մի պահ կնայեն իրար աչքերի մեջ ու կհուզվեն, կջերմանան։
Այս փոքրիկ ներկայացման մեջ կան մի շարք զգացմունքային բաներ, որոնք մարդկանց կարող են հուզել»,- ասում է ռեժիսորը։

Արշալույս Հարությունյանը նաև նշում է, որ այս ներկայացումն իր կյանքում, իր կենսագրության, բնավորության, աշխարհայացքի մեջ շատ կարևոր նշանակություն ունի, անգամ իրեն որպես մարդ ձևավորվելու էտապներում կարևոր տեղ է ունեցել։
Արշալույսի համար չափազանց կարևոր էր, թե ովքեր են լինելու գլխավոր դերակատարները։
Զգալով, որ Զիրոյանի և Վիկտորյա Սահակյանի մեջ քիմիա կա և ներդաշնակություն՝ նա ընտրեց նրանց, ու ստացավ այն, ինչ ուզում էր։

Իր հերթին Զիրոյանը նշում է, որ իր համար այս դերը շատ կարևոր էր և բացատրում է, թե ինչու «Մեծ սիրով  ընդունեցի առաջարկը, որովհետև սա ինձ համար ուրիշ մակարդակ է հիմնականում հանդես եմ եկել հումորային ժանրում, բայց սա պսիխոդրամա էր, իսկ դերասանի կարիերայում պետք են նաև դերեր, որոնցով կկարողանաս հոգեվիճակ փոխանցել։
Մտավախություններ եղել են, որովհետև միշտ հանդես եմ եկել հումորային ժանրում։ Կոտրելը, մոռանալը հումորն ու հանդես գալ լուրջ ժանրի մեջ դժվար էր, բայց իրականում, հաղթահարել եմ դերասան ես՝ պետք է հաղթահարես»։

Իր և Վիկտորյայի համագործակցության, ինչպես նաև միմյանց մեջ եղած քիմիայի մասին Զիրոյանն ասում է․ «Այդ քիմիան և՛ մեր ծանոթության, և՛ դերերի արդյունքն էր, որովհետև ամեն մեկս մեր կերպարների մեջ զգում էինք մերը։ Վերջում ներկայացում դիտողներից յուրաքանչյուրին մի բան կհասնի, մի ազդանշան կգա, դա մեզ էլ է հասել»,- ասում է  Զիրոյանն ու ժպիտով հիշում, որ իր կոպտության պատճառով փորձերի ընթացքում ցավեցրել է Վիկոտրյային, սակայն հիմա, բարեբախտաբար, ամեն բան լավ է։

Վիկտորյան խոստովանում է, որ տարիներ շարունակ ցանկացել է աշխատել Արշալույս Հարությունյանի հետ՝ դեռ համալսարանական տարիներից: Իսկ Զիրոյանին շատ է սիրում, քանի որ նա մաքսիմալ նվիրված է աշխատանքին, ապրում է այս ներկայացումով, ոգևորում և ոգեշնչում է նաև Վիկտորյային:

«Երբեք հոգնած չի լինում, երբեք էներգիան չի պակասում, արտառոց երևույթ է ինքն իրենով Զիրոյանը: Լավ տրամադրություն է հաղորդում, պատասխանատու ու պարտաճանաչ է: Դերասանի համար կարևոր է ունենալ լավ զուգընկեր. դա օգնում է: Զիրոյանը լավագույններից է: Լավ ընկեր է, իսկապես»,- կիսվում է դերասանուհին:

Խոսելով ներկայացման գլխավոր ուղերձի մասին՝ Վիկտորյան ասում է․ «Գաղափարը հստակ է. ցանկացած կին ուզում է սիրել և սիրվել: Կարևոր չէ՝ ինչ տարբերակով է դա դրսևորվում. մենք բոլորս ունենք սիրո կարիք»

Վիկտորյան նաև նշում է, որ մեկ տարի չաշխատելուց հետո պատրաստ է ամբողջ էներգիան ծախսել աշխատելու վրա, բայց նաև հավելում է, որ չի հաղթահարել ծանր տարվա հետևանքները։
«Չեմ հաղթահարել պատերազմական շրջանը: Ունեի մտերիմներ, բարեկամներ, ովքեր պատերազմեցին: Շարունակվում է պատերազմը, ցավոքՀորս ասել են, որ պատրաստվի: Վիրավոր ազատամարտիկ է, բայց պատրաստ է: Հայաստանի այսօրվա իրականությունում ես չեմ ուզում այլևս ոչ մեկին կորցնել այսքան կորուստներից հետո: Ծանր եմ տարել, ու երևի դեռ լիովին չենք ապաքինվել: Հետպատերազմյան շրջանը ավելի ծանր էՀամբերություն ու սեր եմ ուզում»,- ասում է նա:

Իր խոսքը Վիկտորյան ցանկացավ ավարտել դրական նոտայով «Ուզում եմ հարցազրույցն ավարտել դրական միտումով. համեցեք Կամերային թատրոն՝ դիտելու մեր բոլոր ներկայացումները, համեցեք Ստանիսլավսկու անվան ռուկանան թատրոն «Saveմիլիոն» ներկայացումը կօգնի մի քիչ ցրվելԵվ սպասեք մեզ ձեր քաղաքում. մենք հյուրախաղեր կունենանք»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան