Կյանքի 89-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։
Նա ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Մեդեա Աբրահամյանի ճակատագրի առաջին կանխագուշակը Ռոմանոս Մելիքյանն էր: Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, մի առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»: Մեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ էր՝ հնագույն դպրոցի վարպետներից սկսած մինչև դասական և ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների և 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններ:
Նրա կատարողական արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում հայ խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք գրեթե բոլորը կապված են նրա անվանը: Այդ ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է նրա անմիջական մասնակցությամբ, դրանցից շատերը նվիրվել են նրան և առաջին անգամ կատարվել նրա կողմից: