«Սիրեք և սովորեք երաժշտության մեծ արվեստը: Այն ձեր առջև կբացի բարձր զգացմունքների, կրքերի, մտքերի մի ամբողջ աշխարհ: Դա ձեզ հոգեպես ավելի հարուստ կդարձնի: Երաժշտության շնորհիվ դուք ձեր մեջ կգտնեք նոր ուժեր և կյանքը կտեսնեք նոր գույներով»,-ասել է հանճարեղ ռուս կոմպոզիտոր, դիրիժոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին, ում գործերը, այլ լեգենդար կոմպոզիտորների ստեղծագորոծությունների հետ միասին այսօր երաժշտասերերը վայելեցին Արամ Խաչատրյան համերգասրահի Լուիզ Մանուկյան-Սիմոն սրահում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի սալոնային համերգաշարը մեկնարկեց Հայկ Վարդանյանի մենահամերգով։
Հանդիսատեսը ծրագրի ընթացքում վայելեց Բելլինիի, Տոստիի, Չայկովսկու, Բեթհովենի, Ֆլոտովի, Դոբյուսի ստեղծագործությունները։
Տենոր, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը երգել սկսել է 26 տարեկանում, Գայանե Բադալյանի դասարանում, իսկ 2017 թվականից զուգահեռ կատարելագործվում է Ջանֆրանկա Օստինիի դասարանում՝ Միլանում, որտեղ էլ 2019 թվականին կայացել է նրա օպերային դեբյուտը՝ «Տրավիատա» օպերայում։
Showbiz.am կայքի հետ զրույցում Հայկ Վարդանյանը պատմում է, թե ինչպես առաջացավ սալոնային համերգների գաղափարը, ինչ ծրագրեր հետաձգվեցին նրա մոտ Հայաստանում և աշխարհում մշակութային ոլորտի կաթվածահարության հետևանքով և կլինե՞ն արդյոք նրա գործունեության մեջ ֆորմատային փոփոխություններ՝ կապված կարանտինային սահմանափակումներով։
«Սալոնային համերգների գաղափարն առաջացել է ամսիներ առաջ, երբ սահմանափակումները դեռ խիստ էին, մտածեցինք, որ կամերային ստեղծագործությունների ծրագիրը կարելի է ավելի փոքրաթիվ հանդիսատեսի ներկայացնել՝ համերգից հետո նաև կենդանի շփում ունենալու, կարծիքներ լսելու և դրանցով փոխանակվելու համար: Սա համերգային տարածված ֆորմատ է, հատկապես արևմտյան երկրներում, բայց Հայաստանում այն նոր-նոր պետք է սովորույթ դառնա»,- մտահղացման մասին պատմում է Վարդանյանը։
Խոսելով դժվար 2020 թվականի մասին՝ տենորը նշում է, թե որքան կարևոր ծրագրեր հետաձգվեցին պանդեմիայի հետևանքով․ «Մեղմ ասած բարդ տարի էր, որովհետև առնվազ բոլոր արտագնա համերգները չեղարկվեցին, ես՝ որպես օպերային ստուդիայի տնօրեն, դեռ անցած տարվա ապրիլին կոնսերվատորիայի 10 ուսանողների հետ համերգ պետք է ունենայի Վենետիկի Մուրադ–Ռաֆայելյան վարժարանի պատմական շենքում, Միլանում համերգ ունեինք պլանավորված, անձնական մենահամերգ ու նաև դեբյուտ ունեի օպերային ներկայացման, որոնք հետգաձգվեցին»։
Հայկ Վարդանյանը նաև հավելում է, որ չնայած այս ամենին՝ ելույթներ նա ունեցել է, քանի որ Հայաստանում համերգային գործունեության վերաբերյալ այնքան խստություններ չկային, որքան Եվրոպայում։
«Այնտեղ սպանում են պարզապես մշակույթի որոշ ճյուղեր, նույն օպերան մահամերձ վիճակում է։
Գերմանական, ֆրանսիական, իտալական թատրոնները, մեղմ ասած, գոյատևելու պայքար են մղում ֆինանսական տեսանկյունից»,- բացատրում է նա։
Վարդանյանը հատուկ շեշտում է, որ ծրագրերը չեն չեղարկվել, այլ հետաձգվել են․«Բոլորս սպասում ենք լավ օրերի, սպասում ենք այս կարանտինային սահմանափակումների թուլացմանը, սահմանների բացմանը, որովհետև հայկական ձայները մեծ պահանջարկ ունեն միջազգային հարթակներում, ընդամենը պետք է բաց սահմաններ ունենանք և նորից համերգային շրջագայությունները կսկսվեն»։
Պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պատճառով մի շարք երգիչներ հանդես են գալիս օնլայն համերգներով, թե ինչու՞ ինքը գործունեության մեջ չդիմեց ֆորմատային նման փոփոխության, Հայկ Վարդանյանն ասում է․ «2020- ին շատերը փորձեցին օնլայն ելույթներ ունենալ, բայց ցավոք հանդիսատեսի կողմից օնլայն համերգների համար վճարելու պատրաստակամությունն այդքան մեծ չէր, ինչպես Եվրոպայում է, որտեղ 10-20 եվրո են վճարում և դիտում են։
Մեզ մոտ դա, ցավոք սրտի, չաշխատեց։ Օնլայն համերգ չկազմակերպեցի, որովհետև ուղիղ շփման բացակայությունը հանդիսատեսի հետ արդեն այն չէ, երկրորդը՝ դա կոմերցիալիզացնելու որևէ գործուն մեխանիզմ չկա, և ծնվեց այս սալոնային համերգների գաղափարը։ Եվ ֆորմատային փոփոխություն միայն սա էր՝ փոքրաթիվ հանդիսատեսով ելույթներ ունենալը»։
Նշենք, որ սալոնային համերգաշարի շրջանակներում մարտի 4-ին, տեղի կունենա հանդիպում՝ Նարեկ Հախնազարյանի հետ, ով կբացահայտի Շոստակովիչի Թավջութակի կոնցերտի գաղտնիքները, որը նա կկատարի մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ: