«Անփող օրեր շատ են եղել, ծայրահեղ ու անելանելի»․ Վլադիմիր Պողոսյանը՝ իր նոր դերի և դժվար օրերի մասին

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում  հեռարձակվող «Սարի աղջիկ» հեռուստասերիալը համալրվել է ևս մեկ դերասանով․ երգիչ, դերասան Վլադիմիր Պողոսյանը հեռուստասերիալում կերտում է Վլադի դերը։
Showbiz.am կայքի հետ զրույցում նա պատմում է, թե ինչպես Դիանա Գրիգորյանից ստացավ սերիալում նկարահանվելու առաջարկը«Առաջարկը ստացել եմ պրոդյուսեր-սցենարիստ Դիանա Գրիգորյանից։
Իմանալով, թե ինչ պրոֆեսիոնալ թիմ ունի Դիանան, և որ նրա սերիալները միշտ ամենառեյտինգայինն են, միանշանակ, սիրով համաձայնեցի
»,- պատմում է Վլադը։

Դերասանը նշում է, որ նկարահանումների ընթացքում դեռ արտառոց դեպքեր չեն եղել, բայց վստահ է՝ կլինեն, քանի որ նոր է նկարահանվում, և ամեն ինչ մաքսիմալ աշխատանքային ու բուռն է անցնում։
Վլադիմիրը նշում է նաև, որ ֆիլմում շատ հետաքրքիր շրջադարձեր են տեղի ունենալու:

«Կերպարիս անունը Վլադ է, ով սիրահարվել է Լեյլիին, և անկախ բոլոր դժվարություններից, պայքարում է իր սիրո համար: Նկարահանումների ընթացքում դժվարություններ չեն եղել, քանի որ շատ լավ թիմ է աշխատում, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալներ են, և ես միանգամից ընկերացա բոլորի հետ:
Բոլորը սրտացավ են մեկը մյուսի նկատմամբ, ինչից ֆիլմն էլ ավելի
է հաջողում»,- մանրամասնում է Վլադիմիրը:

Հիշեցնենք, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի դերասանական կազմում ընդգրկված են Հարություն Մովսիսյանը, Էմմա Մանուկյանը, Աշոտ Ղազարյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արտաշես Մխիթարյանը, Լուսինե Արշակյանը, Ռոման Բաբայանը, Անահիտ Կիրակոսյանը, Անի Քոչարյանը, Աիդա Բաբաջյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Անուշկա Մարգարյանը, Լիլիթ Բադալյանը, Կարո Հովհաննիսյանը, Նիկոլայ Եղիազարյանը, իսկ գլխավոր հերոսուհին Աիդա Կարապետյանն է։

Վլադիմիրը մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ ասելով, որ պատերազմից հետո ունեցած ապրումները փորձում է հաղթահարել մեծ դժվարությամբ«Չգժվելու համար պետք է առաջ քայլել՝ անցյալից դասեր քաղելով։ Դեռ վերականգնվում եմ, այս սպին մնալու է միշտ իմ հոգում, միշտ։ Երբ 44 օրում մեծացանք 44 տարով, դա մոռանալ հնարավոր չի։
Հիմա եմ հասկանում մեր մեծերի «ապրեք խաղաղ երկնքի տակ» արտահայտության ամբողջ իմաստը
»:

Հիմա շատերը դժվար տարուց հետո բռնում են արտագաղթի ուղին կամ փորձում են այլ մասնագիտությամբ աշխատանք գտնել, Վլադիմիրը խոստովանում է, որ նման մտքեր ինքն էլ է ունեցել։

«Իհարկե, մտածել եմ այդ մասին, չեմ ստի, բայց ես սիրում եմ իմ երկիրը, դրսից հայրենիք սիրելը շատ հեշտ է։
Անփող օրեր շատ են եղել, ծայրահեղ ու անելանելի, բայց ես ավելի շատ եմ սիրել իմ երկիրը
։ Չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, բայց հիմա այս վիճակում հայրենիք թողելն ու փախնելն ավելի դժվար է, թող փախնեն այն մարդիկ, ովքեր սխալներ թույլ տվեցին, և բոլորս հայտնվեցինք ծայրահեղ դժվար իրավիճակում, իրենք իսկապես պիտի փախնեն, ես փախնելու հնարավորություն ունեմ, իսկ ցանկություն՝ ոչ, որովհետև ինչպես միշտ ասում եմ «Սիրտս ցավում ա քեզ համար իմ Հայաստան»»։

Վլադիմիրը նշում է, որ երկրի ապագան տեսնում է հզոր, դավաճաններին էլ բանտերում, իսկ ինքը երազանքներ չունի, դրանք ցանկություններ են, որոնք Աստված միշտ ճիշտ ժամանակին իրականացնում է։
«Պատերազմից հետո հասկացա, որ ամեն ինչ անցողիկ է և փխրուն, կյանքն է գերագույն արժեքն, ու Աստված՝ գեր-գերագույնը։
2021
ին ուզում եմ, որ Աստված մաքրի մեր երկիրը դավաճաններից ու էլ կորուստներ չունենանք:
Սեր ու համերաշխություն Հայ ազգիս
»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան