Համավարակի ընթացքում առցանց համերգներից հետո դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կրկին վերադարձել է կենդանի համերգներին։ Գարնանային համերգաշրջանի առաջին համերգը նա նվիրել է իր ուսուցչին ՝ դաշնակահար Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին։
2021-ը հոբելյանական տարի է Գուրգենովի համար, նա կդառնար 70 տարեկան։
Համերգային ցանկում էլ ներառված են մեծ ռոմանտիկների այն ստեղծագործությունները, որոնց վրա երաժիշտն աշխատել է իր ուսուցչի հետ։
Համերգի ընթացքում հնչեցին Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները:
Հայկ Մելիքյանը նշում է, որ այդ համերգն իր համար խորհրդանշական և պատասխանատու էր։ Այդ ստեղծագործությունները նա կատարել էր աշխարհի տարբեր բեմերում, բայց երևանյան ունկնդրի առջև այդ ծրագիրը նա ներկայացրեց առաջին անգամ։
«Այս տարի փետրվարի 18-ին լրացավ ուսուցչիս՝ դաշնակահար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի ծննդյան 70-ամյակը, և հենց այդ կապակցությամբ որոշեցի նույն օրը հանդես գալ «Ծաղիկներից և անդունդներից» խորագիրը կրող ժամանակակից երաժշտության մենահամերգով՝ վիրտուալ հարթակում։ Համերգը ներկայացնում էր «Armenian National Music»-ը։
Արդեն մարտի 3-ին հանդես եկա «կենդանի» մենահամերգով, որը նույնպես նվիրված էր ուսուցչիս հիշատակին՝ ծրագրում ներառելով այնպիսի ստեղծագործություններ, որոնց մեծ մասը պատրաստել եմ պրոֆեսորիս դասարանում ուսանելու տարիներին․ Ֆ․ Շոպենի պոլոնեզների, վալսերի և մազուրկաների մի փունջ, Ֆ․ Լիստի Հունգարական 6-րդ ռապսոդիան, Ռ․ Շումանի Սիմֆոնիկ էտյուդները և այլն։
Այս ստեղծագործությունները բազմիցս եմ կատարել աշխարհի տարբեր բեմերում։ Բայց երևանյան ունկնդրի առջև այս ամբողջական ծրագիրը ներկայացրեցի առաջին անգամ։ Բացի այդ, այս համերգով առիթ ունեցա վերադառնալու երևանյան իմ սիրելի դահլիճներից մեկը՝ Կամերային երաժշտության տուն, ուր արդեն առկա է պատշաճ գործիք։ Այս առումով, իսկապես, գարնանամուտի իմ այս համերգը խորհրդանշական էր և, իհարկե՝ պատասխանատու։
Նշեմ՝ Ա․ Գուրգենովը սովորել է Լվովի կոնսերվատորիայում՝ Ալեքսանդր Էդելմանի դասարանում, այնուհետև, տեղափոխվելով Երևան, շարունակել է ուսումը Երևանի կոնսերվատորիայում՝ 20-րդ դարի հայ կատարողական արվեստի վառ ներկայացուցիչներից մեկի՝ դաշնակահարուհի Աննա Ամբակումյանի դասարանում։ Ինչպես տեսնում եք՝ նա ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթները կրողն էր, որի արմատները տանում են մի կողմից դեպի Կոնստանտին Իգումնով, մյուս կողմից՝ Հենրիխ Նեյհաուզ»։
Համաճարակի պատճառով այժմ արվեստի շատ գործիչներ հանդես են գալիս նոր ձևաչափով․ համերգներ առցանց հարթակում։ Պատմելով այս հարթակներում ելույթների մասին, թե որքանով այդ ձևաչափը հոգեհարազատ դարձավ կամ չարդարացրեց իրեն, Հայկ Մելիքյանն ասում է․
«Այո, գիտեք, առաջին առցանց մենահամերգով ելույթ ունեցա 2020 թ․-ի ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ծրագրով։ Այդ ժամանակ շատ օտար էր ինձ «Համերգ՝ առանց ունկնդրի» ձևաչափը, բեմին կարծես մենության մատնված լինեի։ Բայց հետագա նմանատիպ համերգների ժամանակ փորձեցի օգտվել ստեղծված իրավիճակից․ երախտապարտորեն կենտրոնանում էի կատարողականությանս վրա, վերհանում վաղուց պլանավորված և հետաձգված գործերի վրա։
Տարվա ընթացքում իհարկե վիրտուալ համերգներս դարձան իմ գործունեության կարևոր մասը։ Դրանք հետաքրքիր ծրագրեր էին թե՛ մենանվագ համերգների, թե՛ նվագախմբերի հետ ելույթների առումով, ինչպես նաև նոր նախագծերի մեկնարկի փուլ․ կարևոր եմ համարում նշել «2000+»` 21-րդ դարի համաշխարհային երաժշտությանը նվիրված համերգաշարի անդրանիկ համերգը, որի մեկնարկը տրվեց այդ տարվա հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առիթով՝ ֆրանսիական ժամանակակից երաժշտության առցանց համերգով։ Այնպես որ, կարծում եմ՝ այլևս առցանց համերգների ձևաչափը պրոֆեսիոնալ գործունեության բաղադրիչ է։ Այնուամենայնիվ, մեծ կարոտով եմ հիմա վերադառնում ունկնդրի հետ կենդանի շփմանը»։
2020-ը դժվար տարի էր արվեստի գործիչների համար՝ լի մարտահրավերներով և վայրիվերումներով։ Հայկ Մելիքյանը պատմում է , թե ինչպես կարողացաք հաղթահարել հատկապես պատերազմական շրջանը։
«Ազնիվ լինեմ․ հաղթահարելի է թերևս ամեն բան, բացի պատերազմի արհավիրքից․ ամեն օր, ստանալով տասնյակ երիտասրադների մահվան բոթը, արվեստը շղարշվել էր ողբով ու ցասումով։ Մեր թիմով փորձեցինք օգտակար լինել Արցախին, նույնիսկ այդ դժնդակ օրերին համերգ կազմակերպեցինք բարեգործական նպատակով, բայց, միևնույն է, հոգիս վշտացած էր, մատներս՝ քարկապված։ Հուսադրող էր Ստեփանակերտում բնակվող պապիս կոչը․ որևէ պարագայում չդադարել գործել ու շնչել։ Հիմա, հետահայաց հասկանում եմ, որ ոչ մի համաճարակ ու այլ խնդիր այնքան սարսափազդու չէ, որքան հազարավոր կյանքեր ու հույսեր թաղած պատերազմը։ Թո՛ղ երկրագնդի վրա ոչ մի երեխա չորբանա, ու թո՛ղ երկինքը միշտ խաղաղ լինի»։
Իսկ խոսելով ապագա ծրագրերի և նախագծերի մասին Հայկ Մելիքյանն ասում է․
«Կարծում եմ՝ շուտով Երևան կհասնի իմ կողմից ձայնագրված «Հայկական գունապնակ» սկավառակը, որը թողարկվել է դասական երաժշտության առաջատարի կողմից, ինչի առիթով կունենամ համերգային կատարումներ և շնորհանդես՝ Երևանում, արդեն ունենք հստակ պլանններ՝ կապված 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը նվիրված «1900+» և «2000+» համերգաշարերի հետ, բացի այդ, հետաքրքիր համագործակցություններ են սպասվում դուո, տրիո և կամերային այլ ձևաչափերում։ Տարեսկզբից մեկնարկել ենք Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգները, որոնք շարունակվելու են ողջ տարվա ընթացքում։ Ցավոք խիստ անորոշ են արտասահմանյան համերգների ճակատագրերը, սակայն, կրկին ցանկանում եմ նշել, որ դրանք բնավ մտահոգիչ չեն․ պատերազմի օրերին կյանքում առաջնահերթություններն ու խնդիրները լիովին վերաժևորվեցին ինձ համար։ Թող մեր երկինքը լինի խաղաղ, մնացած ամեն բան միասին կհաղթահարենք»։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան