Ամենախենթ արարքը, որն արել եմ հանուն իմ սիրելիի․ Գևորգ Մկրտչյանը՝ նոր տեսահոլովակի և կանանց մասին

Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանը նոր զուգերգ ունեն, որի պրեմիերան տեղի կունենա այսօր:
Showbiz.am կայքի հետ զրույցում Գևորգը կիսվում է, թե ինչպես առաջացավ Իրինայի հետ զուգերգով ներկայանալու մտահղացումն ու պատմում է նկարահանումների մասին։
«Վաղուց էի ուզում դուետով ներկայանալ և ունեի այս երգը, որը չգիտեի՝ ում հետ կատարել։ Գիտեի , որ Իրինան ունի շատ լավ ձայնային տվյալներ, բայց ոչ մի կերպ չէի կարղանում համոզել, որպեսզի երգեր։ Մի օր հարց ու պատասխանի ժամանակ, երբ ինձ հարցրին՝ ինչու չեմ Իրինայի հետ զուգերգով ներկայանում, ասացի, որ Իրինան միշտ մերժում է։
Այդ ժամանակ Իրինան կիսվեց իմ այդ պատասխանով ու նշեց՝ համոզեցիր։ Որոշեցի պահը բաց չթողնել և արդեն պայմանավորվեցի, որ մինչև Մոսկվա մեկնելս կնկարահանենք տեսահոլովակը»,– հիշում է նա։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, գործիքավորումն արել են նրա ստուդիայում: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, ում հետ Գևորգն աշխատում է երրորդ անգամ:  Տեսահոլովակի համար երգիչն ընտրել է բավականին հետաքրքիր սցենար․ «Քանի որ ունեինք կարճ ժամանակ, որոշեցինք սցենարի համար մեր՝ իմ ու Իրինայի կյանքից վերցնել պատմություն՝ ամսաթվերը փոփոխելով։
Նկարահանումների ընթացքում եղել են շատ զվարճալի ու հիշվող դեպքեր»։
Գևորգը խոստանում է՝ եթե տեսահոլովակի դիտումների թիվը հատի 1 միլիոնը, ապա երկրպագուներին կներկայացնի տեսահոլովակի բեքսթեյջը, որը բավականին հետաքրքիր է։

Նշենք, որ Գևորգն արդեն մեկնել է Հայաստանից ու գտնվում է ՌԴ-ում։ Սակայն ինչպես հայտնել էր երգիչը մեզ հետ նախորդ զրույցում՝ սեպտեմբերին կվերադառանա հայրենիք։
«Ներկա պահին գտնվում եմ Մինսկում, մեկ շաբաթ հետո կմեկնեմ Մոսկվա, որտեղ շատ ծրագրեր ունեմ նախատեսած։ Միայն  կասեմ, որ երբ հասնեմ Մոսկվա, 10 օրվա ընթացքում կնկարահանեմ տեսահոլովակ, որը կներկայացնեմ ծննդյանս օրը՝ մայիսի 16-ին»։

Մարտի 8-ին սիրելի երկրպագուներին նվիրելով իր նոր տեսահոլովակը, երգիչը նաև կիսվում է իր գաղտնիքներով՝ պատասխանելով փոքրիկ բլից հարցմանը։ 

  • Մարտի 8-ին իմ արած առաջին նվերը դժվար եմ հիշում, բայց հիշում եմ որ փոքր ժամանակ օծանելիք և ծաղիկներ էի նվիրում մայրիկիս։
  • Մարտի 8-ին  իմ մատուցած ամենաթանկարժեք նվերը եղել է «Девочка луна» երգը։
  • Ինձ դուր գալու համար կինը պետք է լինի խնամված ։
  • Չեմ սիրում, երբ աղջիկը քիթը բարձր է պահում ։
  • Կինը գրավիչ է, երբ կարմիր շրթներկով է և կարմիր երեկոյան զգեստով։
  • Ամենախենթ արարքը, որը արել եմ հանուն իմ սիրելիի․ մեկ օրվա մեջ Երևանից գնացել եմ Սևան ՝110 կմ, սիրելիիս հետ եկել եմ Երևան, հետո իրեն հետ եմ տարել Սևան ու կրկին հետ եմ եկել Երևան։
    Նշեմ, որ ատում եմ երկար ժամանակ մեքենա վարելը։
  • Բոլորից կառանձնացնեմ այն երկրպագուհուն, ով կցանկանա ինձ ճանաչել որպես մարդ, այլ ոչ թե որպես երգիչ։
  • Փոքր տարիքում սիրահարված եմ եղել օրը մեկին ու միշտ հարսանիքներ էի կազմակերպում, ամուսնանում։
  • Մեր հայ աղջիկների նմանը չկա, ոչինչ չէի ցանկանա փոխել նրանց մեջ։
  • Կնոջ արտաքինի մեջ ամենագեղեցիկ մասը մազերն են։ Եթե դրանք ճիշտ հարդարել, ապա կարելի է ամենագեղեցիկը լինել։
  • Կնոջ արարքներում կամ բնավորության մեջ  ինձ կարող է հիասթափեցնել սուտը կամ անիմաստ խանդը։
  • 3 կարևոր հատկանիշ, որը պետք է ունենա իմ սիրելին

1․Միշտ ինձ աջակցի իմ գործունեության մեջ, քանի որ կողակիցիդ աջակցությունն օգնում է, որ բարձրանաս։
2․Չխանդի, քանի որ աշխատանքի բերումով շփվում եմ շատ աղջիկների հետ։
3․Անկախ ամեն ինչից կարողանա պահել մարդկային հարաբերությունները։

  • Իմ սիրտը գրավելու համար  պետք է նա գիժ չլինի, բայց լինի գժոտ։
  • Կնոջ իմ իդեալը Մոնիկա Բելուչին է։

 

Հեղինակ՝   Տաթևեր Լազարյան