«Նախագծի ավարտը նշում էին՝ կազմակերպելով փոքրիկ խնջույք, իսկ հիմա ամեն բան փոխվել է». Ֆոտոշարք՝ «Ախթամար»-ի վերջին նկարահանումից

Մարտի 18–ին եթերում կլինի «Ախթամար» հեռուստասերիալի վերջին սերիան։
Showbiz.am կայքի հետ զրույցում  նախագծի ռեժիսոր Ելենա Արշակյանը նկատում է, որ եթե նախկինում յուրաքանչյուր նախագծի ավարտը նշում էին՝ կազմակերպելով փոքրիկ խնջույք, ապա այժմ ամեն բան փոխվել է. ստեղծագործական անձնակազմը, «Շիրազի վարդը» նախագծից սկսած, Եռաբլուր է գնում, ծաղիկներ դնում  ընկերների ու եղբայրների շիրիմներին:

«Չեմ ցանկանում, որ խոսքս պաթետիկ հնչի. դա արվում է ի սրտե: Շատ դերասաններ ասում են, որ դժվար է իրենց համար, բայց ես հասկանում եմ, թե որքան դժվար է այնտեղ գտնվող զինվորների ծնողների համար: Այդ զինվորների շնորհիվ մենք ավարտին հասցրինք մեր նախագիծը, իրենց շնորհիվ է, որ մենք ապրում ենք. կարծում եմ՝ մեր այցը Եռաբլուր պարտադիր է»,- բացատրում է Ելենան:

Ռեժիսորը պատմում է, որ նկարահանումներն անցել են պանդեմիայի ու հետպատերազմական օրերին, ու իրենք շատ փորձություններ են հաղթահարել նկարահանումներն իրականացնելու համար: Եղել են հետաձգված նկարահանումներ,  կորոնավիրուսով վարակված դերասաններ, բայց նախագիծը եթերից ոչ մի օր չի բացակայել: Ռեժիսորն ամեն բան այնպես է կազմակերպել, որ հեռուստադիտողը ոչինչ չզգա:

Ռազմաճակատում էին Ելենային չափազանց հարազատ մարդիկ, սակայն ստեղծագործական խմբի շնորհիվ նա կարողացել է այդ ժամանակաշրջանը հաղթահարել:

Ռեժիսորը նաև նշում է, թե ինչը կարող է պատճառ դառնալ դերասանի հետ համագործակցության դադարեցման համար. «Ես յուրաքանչյուր դերասանի և յուրաքանչյուր անդամի, ով գալիս է մեզ մոտ աշխատանքի, խնդրում եմ, որ մնացածին վերաբերվի այնպես, ինչպես իր ընտանիքի անդամներին: Բոլորը կփաստեն, որ իմ կողմից կա այդ վերաբերմունքն իրենց հանդեպ, և ես ակնկալում եմ նաև հակառակը, ու երբ չեմ տեսնում, տվյալ մարդն այլևս մեր նախագծում չի աշխատում:
Չէ՞ որ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում նկարահանող խմբի հետ, քան ընտանիքի անդամների. նախագիծը կարող է տևել 6-7 ամիս, և մենք հնարավոր է օրվա մեջ 20 ժամ միասին լինենք, եթե լինի այլ վերաբերմունք միմյանց  նկատմամբ, նախագիծը չի կայանա»:

Ելենան նշում է, որ դերասանների նկատմամբ միայն մեկ պահանջ ունի. «Ես բոլոր դերասաններից առաջին հերթին միայն մի բան եմ պահանջում՝ սիրեն իրենց մասնագիտությունը, որովհետև երբ սիրում են իրենց մասնագիտությունն ու նկարահանման հրապարակում իրենց պահում են դերասանին վայել, վստահեցնում եմ՝ երբեք ոչ մի խնդիր չի առաջանում: Ես պաշտում եմ այն դերասանին, ով սիրում է իր մասնագիտությունը: Իսկ ով եկել է միայն էկրանին երևալու համար, տեղ չունի մեր նախագծում: Կան դերասաններ, ում հետ շփվում և հասկանում եմ, որ իր տեղն իմ նախագծում չի:
Միշտ հնարավորություն եմ տալիս փոխվելու, կոպիտ չեմ, առհասարակ»:  

Հիշեցնենք. որ Էդգար Իգիթյանի, Ռոմելա Սարգսյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Եղիազարյանի, Լիլիթ Սարգսյանի, Ելենա Բորիսենկոյի, Սոֆի Դևոյանի և այլ դերասանների մասնակցությամբ նախագիծը տևեց մոտ 7 ամիս։

Ելենան արդեն աշխատում  է նոր նախագծի ուղղությամբ:
Նոր սերիալի մանրամասները դեռ չեն հանրայնացնում. սակայն հայտնի է, որ այնտեղ հանդես կգան «Ախթամար»-ի դերասաններից մի քանիսը:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան