«Նա առանց որեւէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության եւ ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»,- այսպես է արտահայտվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Յուրի Նիկուլինը հայ կրկեսի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի մասին, որն այսօր՝ մարտի 15-ին, կդառնար 86 տարեկան:
Այսօր ժամը 16:00-ին Երևանյան կրկեսին կից գտնվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակում կայացավ հայ մեծանուն արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի վերաբացմանը նվիրված միջոցառմանը:
Թեև ճանաչված ու սիրված ծաղրածուն կարճ կյանք ունեցավ և հրաժեշտ տվեց կյանքին ընդամենը 37 տարեկանում, սակայն նա հասցրեց իր հետքը թողնել մշակույթում իր յուրահատուկ ձեռագրով, լինելով ինքնատիպ ու արտասովոր ներաշխարհի տեր անհատականություն և արվեստագետ:
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: 1971 թվականին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: 1956-ից նկարահանվել է կինոյում` հանդես գալով տարբեր դերերով: Մահացել է 37 տարեկանում, սրտի կաթվածից, Մոսկվայում:
Showbiz.am-ը ներկայացնում է 20-րդ դարի կրկեսի նշանավոր արտիստի արտահայտությունները, որոնք թևավոր խոսքեր են դարձել ու հնչեղ են բոլոր ժամանակներում։
- Պատերը և դռները անանցանելի են, սակայն պատուհանները՝ դավաճաններ են:
- Գնալուց մի՛ մարիր դիմացինիդ հոգու լույսը:
- Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է:
- Ես ոչինչ չեմ հասկանում: Մեծե՛ր, լսո՞ւմ եք, ես չեմ հասկանում ձեր կանոնները, ձեր բարոյականություն կոչվածը, ձեր սերը:
- Նրանք, որոնց սիրում են՝ արտասովոր են դառնում:
- Ի տարբերություն «այո» ասելուն՝ «ոչ» ասելու համար տաղանդավոր պետք է լինեք:
- Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ, իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է:
- Նպատակս և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին՝ ես հավատում եմ երջանիկ ընթացքին:
- Չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես ամբողջովին միայնակ եմ:
- Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ:
- Իմաստուն սարերը մարդուն միայնություն են պարգևում, որ վերջինս հասկանա, որ միայնակ նա ոչ ոք է:
- Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր և հետևաբար՝ ավելի քիչ լավ մարդիկ կլինեն:
- Հումոր չունեցող մարդկանց կարևոր պաշտորնների նշանակելը շատ սխալ է: