Մարտի 14-ին «Գոյ» թատրոնում կայացավ «Էքվուս» (Equus) հոգեբանական թրիլլերի առաջնախաղը՝ բեմադրված բրիտանացի դրամատուրգ Պիտեր Շաֆֆերի համանուն պիեսի հիման վրա։ Ներկայացման մեջ խաղում էին դերասաններ Արա Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Հասմիկ Աբովյանը, Տրդատ Մակարյանը, Լիլիթ Սալնազարյանը, Լիանա Ավետիսյանը, Գայանե Բալյանը, Սարգիս Չոլոյանը և Կառլեն Հայրապետյանը։
Նախագիծը կյանքի է կոչվել «Էպսիդոն» թատերախմբի ու «Գոյ» թատրոնի համատեղ աշխատանքի արդյունքում. այն կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի պատճառով հետաձգվել էր մեկ տարի։
Նշենք, որ ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, ներկա չէր պրեմիերային ու ներկա չի եղել նաև վերջին փորձերին, որովհետև ներկայացման փորձերի ընթացքում վնասել էր ոտքը։
6 ձիու աչքերը դաժանորեն հանած պատանու և նրան բուժող հոգեբանի մասին պատմությունը մինչև վերջին պահը լարված պահեց ողջ դահլիճը, և միայն վերջին վայրկյաններին հանդիսատեսը գտավ իրեն տանջող բոլոր հարցերի պատասխանները։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասաններից Լիլիթ Սալնազարյանը պատմում է իր դերի, ներկայացման գաղափարի ու դրանում առկա միստիկայի մասին։
«Երբ պրն․Սահակյանը սկսեց խոսել պիեսից ու կերպարից, որը պիտի փորձեի կերտել, զգացի նրա զգուշավոր ակնարկը՝ իրենց հետ միասին մտնել մի աշխարհ, որը մութ է, անբացատրելի ու վտանգավոր․․․
Նա խորհուրդ տվեց գնալ տուն, մի լավ խորհել ու հետո նոր պատասխանել։ Ես, առանց երկմտելու, ներքուստ արդեն կատարել էի իմ ընտրությունը․ խենթություն կար այդ ամենի մեջ, որն ինձ ավելի շուտ ձգեց, քան թե վախեցրեց»,– պատմում է Լիլիթն ու հավելում, որ պրեմիերայից հաշված օրեր առաջ իր հետ բավականին տարօրինակ դեպք կատարվեց, որը հենց իր դերի ու պիեսի ազդեցությունն էր։
«Անասելի դժվար է հասկանալ, ընկալել այն հզոր, մութ էներգիան, որ մենք խտացնում ենք մի կերպարի մեջ և Սատանա կոչում, ո՞վ է, ինչպիսի՞ն է նա․․․ Սրանք հարցեր էին, որ անընդհատ տալիս էի ինձ ու փորձում էի ճանաչել մի բան, որից միևնույն ժամանակ խուսափում էի։ Ես գիտակցում էի, որ չեմ ուզում ամբողջությամբ տրվեմ այդ ուժին։
Պրեմիերային հաշված օրեր էին մնացել, երբ պատահեց հետևյալը․ վաղ առավոտյան դեռ պառկած էի, զգացի, որ ձեռքս ուժեղ սեղմում են, կարելի է ասել, գերմարդկային ճիգեր գործադրեցի, մինչև ձեռքս վերմակի տակից դուրս հանեցի, ու հենց այդ պահին հզոր էներգիան, որն արդեն լցրել էր իմ սենյակը ու ճնշում էր իր ներկայությամբ, բարձրացավ վեր, տպվեց առաստաղին՝ դեմք ու գույն ստացավ ու ասաց՝ «Դե ասա ինչու՞, ինչու ես»․․․
Սրանք հենց այն խոսքերն էին, որ հնչում էին իմ շուրթերից ներկայացման ավարտին։ Այդ պահին, ակամայից, սկսեցի Տերունական աղոթքն ասել, առաջին իսկ բառերից հետո անհասկանալի էներգիան սկսեց ցրվել, ու միանգամից հանդարտություն զգացի․․․
Մի քանի օր անց, սարսափը կրկնվեց, բայց այնքան վճռական էի տրամադրված, որ ես Աստծո հետ եմ գնում այդ ամենի միջով, որ ես այդ անգամ էլ հաղթեցի․․․
Չգիտեմ, ասում են՝ պետք չէ ընդհանրապես մտնել այդ աշխարհը, ուր մնաց, փորձել հասկանալ այն։ Ես, իսկապես, վախեցա, թեկուզ և հանուն ներկայացման, չկարողացա ավելի խորանալ ու ընդառաջ գնալ այդ ուժին»,- հիշում է նա։
Խոսելով ներկայացման գաղափարի մասին՝ Լիլիթը նշում է, որ վերջինս կոչ է անում բոլոր մարդկանց արթուն պահել իրենց միտքը, գիտակցել ու երբեք չմոռանալ իրենց աստվածային էության մասին և մարդկային հարաբերությունները կառուցել սիրո տեսանկյունից։
«Սերը կտարրալուծի այն ամենը, ինչը նման չի իրեն։ Ընտանեկան հարաբերություններում էլ, հատկապես, երեխաների դաստիարակության հարցում, պետք է չափազանց զգուշավոր լինել․չսահմանափակելով երեխայի ազատությունը՝ օգնել, ուղղորդել, որ նա կերտի իր անհատականությունը»,- կարծում է դերասանուհին։
Ներկայացումը առանձնահատուկ է իր կառուցվածքով․ հանդիսատեսը սկզբում տեսնում է բժիշկ Դայզերթին անօգնական իրավիճակում՝ խճճված սեփական մտքերի ու եզրակացությունների մեջ, և միայն հետագա իրադարձությունների արդյունքում, քայլ առ քայլ հասկանալի է դառնում, թե ինչն էր նրան հասցրել այդ վիճակին․ամբողջ ներկայացումը ասես բացահայտումների շարք լինի, որը հանդիսատեսին պահում է զգուշավոր լարվածության ու հանելուկային ենթադրությունների մթնոլորտում։
Անդրադառնալով թատրոնում արծարծվող թեմաներին և հանդիսատեսի պահանջներին դերասանուհին կարծում է, որ արդի թատրոնը հանդիսատեսի հետ անընդհատ պետք է խոսի մարդու մասին, մարդկային ազատության, հոգու, հավատի, երազների․․․
«Կուզեի, որ թատրոնում մենք անդադար բացահայտեինք այն մեծ հանելուկը, որ մարդ են կոչում»,-ասում է նա։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան