Առաջին ալիքը շարունակում է էկրանավորել հայ հեղինակների ստեղծագործությունները, այս անգամ «թիրախում» է հայտնվել 80-ականների հեղինակներ Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիր» վիպակը։ Գիրքը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի, ամբողջ պատմությունը ներկայացվում է հերոսների միջոցով։
16 մասանոց հեռուստանովելի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը։ Կերպարներին մարմնավորում են ինչպես ճանաչված, այնպես էլ ոչ այդքան հայտնի դերասաններ։ Ֆիլմը դպրոցականների մասին է, այստեղ չկան գլխավոր կերպարներ, բոլոր հերոսներն էլ կարևոր են՝ իրենց մտածմունքներով և աշխարհայացքով։
ShowBiz.am-ը զրուցել է «Կորած օրագիր» հեռուստանովելի դերասաններից Մանե Բոզոյանի հետ, ով մեզ պատմել է իր հերոսի առանձնահատությունների, ի սկզբանե այլ կերպարում ներկայանալու, նկարահանումների ընթացքի, դերասանների և նկարահանող անձնակազմի հետ հարաբերությունների մասին և ոչ միայն։
«Փակ քասթինգ էր հայտարարված, որին նաև մենք մասնակցեցինք։ Կուրոսով ենք մասնակցել, և ես, ի ուրախություն ինձ, ընտրվեցի»,- պատմում է Մանեն։
Հետաքրքրականն այն էր, որ դերասանուհին սկզբում ընտրվել է Անահիտի կերպարի համար, սակայն հետո մարմնավորել է Արևիկին․ «Երբ նախապես մենք մի քանի օր կարդում էինք սցենարը, ես ներկայացնում էի Անահիտի կերպարը։ Սկզբում ռեժիսորը ինձ տեսնում էր Անահիտի դերում, և դա էր տալիս ընթերցելու համար։ Բայց ի զարմանս ինձ, երբ զանգահարեցին, որ հայտնեն՝ վերջնականապես ընտրվել եմ, ասացին, որ ներկայանալու եմ ոչ թե Անահիտի, այլ Արևիկի կերպարում։ Ես, ոչ մի խնդիր չտեսնելով, համաձայնվեցի և միանգամից սկսեցի ուսումնասիրել արդեն Արևիկի հերոսուհուն»։
Արևիկը դասարանի ամենահամեստ աղջիկներից մեկն է, Անահիտի մտերիմ ընկերուհին։ Արևիկը գյուղից է, ով ժամանակավորապես ապրում է Երևանում քրոջ և նրա ընտանիքի տանը, քանի որ սովորում է մայրաքաղաքում։
«Ի դեպ ես ծնունդով Ապարանից եմ, և իմ մանկությունը անցել է Ապարանում։ Ու ռեժիսորը, երբ մեզ կանչում էր հարց-պատասխանի, նույնիսկ հետաքրքրվում էր, թե արմատներով որտեղից ենք, և պրն Կբեյանը դա օգտագործել է ի շահ կերպարի, այսինքն՝ թե որ կերպարում տվյալ դերասանը կարող է հաջողել։ Ռեժիսորն ինձ ասաց՝ քեզնից լավ, Մանե ջան, ոչ ոք գյուղի քաղցրությունը, հետո քաղաք տեղափոխվելու դժվարությունները չի կարող փոխանցել»,- պատմում է դերասանուհին։
Մանեն իր հերոսուհու հետ բավականին շատ նմանություններ ունի, ինչն է՛լ ավելի է հեշտացրել իր գործը․ «Երբ ես «Շիրազի Վարդում» էի նկարահանվում և ներկայանում էի Սոֆայի կերպարով, որը մեծ հաշվով, կարելի է ասել, ինձ հետ բացարձակ նմանություններ չուներ՝ թե՛ տարիքային առումով, թե՛ ֆիզիկական վիճակով և թե՛ արտաքինով, միևնույնն է, դու խաղալուց փորձում ես կերպարդ քեզ նմանեցնել։ Իսկ ինչ վերաբերում է այս կերպարին, ապա ինձ ճանաչող մարդիկ ինձ բնորոշելիս ասում են, որ ես ևս համեստ եմ, բարի․․․ ինչպես Արևիկը, ես նույնպես չեմ սիրում մարդկանց հետևից բամբասել, քննարկել ինձ չվերաբերվող հարցեր, նաև հավելեմ, որ ես նույնպես ոչ կոնֆլիկտային եմ և կարողանում եմ բոլորի հետ լեզու գտնել»։
Նկարահանումների ընթացքում թիմը չկարողացավ խուսափել նաև բազմաթիվ դժվարություններից ու խոչընդոտներից, քանի որ այն համընկավ թե՛ կորոնավիրուսի հետ, նույնիսկ մի քանի վարակված դերասաններ են եղել, թե պատերազմական շրջանի հետ։
Սա Հանրային հեռուստաընկերության հետ Մանեի առաջին համագործակցությունն է․ «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատելու պարոն Կբեյանի հետ։ Նկարահանվել եմ մեծ հաճույքով, ինձ համար հետաքրքիր էր նրա պես ռեժիսորի հետ համագործակցելը։ Նկարահանումներից առաջ քեզ կարող էր թվալ, որ այս կամ այն կադրը կարող է ձախողվել, քանի որ դու այն մի քանի անգամ չես փորձել, բայց դու նկարվում էիր, ու այդ տեսարանը շատ սիրուն ձևով ստացվում էր»։
Դերասանուհին նաև խոսեց մյուս դերասանների հետ հարաբերությունների և աշխատանքային դրական մթնոլորտի մասին․ «Ես կարծում եմ, որ ցանկացած աշխատանք կատարելիս, եթե այդ միջավայրում չի լինում լավ մթնոլորտ, դու չես կարող հաջողության հասնել նաև աշխատանքային առումով։ Մեր՝ «Կորած օրագրի» դերասանական կազմը հիմնականում ընտրված էր Թատերական ինստիտուտից, ինչը չափազանց շատ հեշտացրեց մեր գործը։ Ֆիլմում նկարահանվել է նաև իմ կուրսեցին՝ Հայկ Դարբինյանը, ով հանդես է գալիս Արամի կերպարով։ Նկարահանման հրապարակում շատ հավես մթնոլորտ էր, բոլորս մեկ ընտանիքի պես էինք, քնում և զարթնում էինք ֆիլմի մասին մտածելով և սպասելով, թե երբ պիտի վերադառնանք նկարահանման հրապարակ»։
Հավելենք, որ սկզբում նկարահանումները նախատեսված են եղել մեկ ամիս, սակայն արդեն հասկանալի պատճառներով դրանք ձգձգվել են գրեթե երեք ամիս։
Անդրադառնալով նախորդ տարվա փորձություններով լի շրջանին՝ Մանեն նշեց․ «Դեռևս շատ տարիներ են հարկավոր, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել պատերազմի թողած հետքերը։ Պատերազմի օրերին ես դեռ շարունակում էի նկարահանվել, բացի այդ պատերազմի դաշտում էր նաև հայրս․․․ Թե՛ աշխատանքի վայրում, թե՛ տանը լարված և ծանր մթնոլորտ էր, բոլորս ամեն պահի նորության էինք սպասում՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց ես փորձում էի ինձ ուժեղ պահել, քանի որ գիտակցում էի, որ մենք էլ այստեղից թեկուզ մի չնչին բանով պետք է աջակցենք և թև ու թիկունք լինենք»։
Դերասանուհին այժմ նոր նախագծում նկարահանվելու առաջարկ ևս ունի, սակայն դրա մանրամասները դեռև չի կարող բացահայտել․ «Քանի որ դեռ ոչ մի բան հայտնի չէ, չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Սակայն կնշեմ, որ հեռուստադիտողը շուտով ինձ կրկին կտեսնի էկրաններին՝ նոր կերպարով և նոր ասելիքով»։
Հեղինակ՝ Լուս Ավագյան