Հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանն այսօր նշում է իր 37-ամյակը։
Հաղորդավարուհին կայքի հետ զրույցում ասում է, որ չի պատրաստվում ծննդյան օրը նշել․ մի քանի գործնական հանդիպում, զանգեր, շնորհավորանքներ և վերջ։
Այս կարևոր օրը Ինգրիտն ունի միայն մեկ ցանկություն․«Միակ երազանքը այս տարի՝ իմ երկրի ղեկավարը լինի հայրենասեր ու կիրթ մարդ»:
Ծանր 2020 թվականը շատ բան է փոխել նաև Ինգրիտի կյանքում։
Նա պատմում է փոխված գաղափարների, աշխարհայացքի մասին․
«Նախկինում ինձ համար նշանակություն չուներ մարդու ազգությունը, կոսմոպոլիտ էի․ կարևորը թուրք կամ ադրբեջանցի չլիներ, մնացած բոլոր ազգերին հավասարի պես էի վերաբերվում:
Այս տարի փոխվեց այն, որ այժմ ես կարևորում եմ ամեն հայ մարդու կյանքը: Դավադրության հետևանքով մեծագույն կորուստներ ունեցանք, կարծում եմ՝ այսուհետ պիտի ավելի հոգատար լինենք միմյանց հանդեպ:
Իսկ քովիդը…
Բոլոր կանխատեսումներին հակառակ՝ չվարակվեցի․ ինքնամեկուսացումն էլ շատ կոմֆորտ միջավայր էր ինձ համար. ամենը, ինչ ինձ հետաքրքիր է, կա իմ ներսում, ես ինձ լավ եմ զգում տանը միայնակ»։
Անդրադառնալով տարիների բերած փորձին, իր բնավորության մեջ փոփոխված գծերին՝ Ինգրիտը պատմում է, թե ինչ է բերել իր հետ 37-րդ տարին։
«30-35 տարեկանում կինը վերջնականորեն ձևավորվում է, նա էլ չի ուսումնասիրում ո՛չ իրեն, ո՛չ արտաքին աշխարհը, նա ունի արդեն վերջնականին մոտ պատկերացում, և այս տարիքից կինը սկսում է վայելել:
Այս տարիքում ես գիտեմ՝ ով եմ ես, ինչպիսինն եմ, ինչն է ինձ դուր գալիս, ինչն է ուրախացնում, ինչը զարմացնում․ սա հոյակապ տարիք է, ոչինչ չեմ ուզում բացառել, հակառակը՝ ամեն ինչ ի վիճակի եմ վերապրել կրկնակի ուժգնությամբ։
Փոքր տարիքից շատ քիչ եմ փոխվել, հղկել եմ կերպարս, սակայն բնույթից չեմ հեռվացել, դա շատ նուրբ գործընթաց է, հատուկ եմ այդպես արել»:
Ինգրիտը կատակով նշում է, որ 10 տարի հետո էլ կլինի նույնը՝ անկանխատեսելի, ծայրահեղ ու նիհար։
Հաղորդավարուհին կիսվում է, որ «երազում է օվկիանոսի հետ կրկնել ճակատագրական հանդիպումը»։
«Օվկիանոսի ընդերքում իմ էության մի մասնիկը կա, որի բացահայտումը դեռ ավարտին չեմ հասցրել»,- հավելում է նա։
Խոսելով ծննդյան տոնի կապակցությամբ ստացած ամենատպավորիչ անակնկալների մասին՝ Ինգրիտը հիշում է, թե որն էր իր կյանքի ամենակարևոր նվերը։
«Առաջին ամենատպավորիչ ծննդյան նվերը ինքս եմ ինձ պարգևել, դա տղայիս ծնունդն էր, իմ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ նա ծնվեց, միակը, ով սիրեց ինձ նույն իմ՝ «տիեզերական» սիրով: Երկրորդ լավագույն նվերը՝ ավտոմեքենա էր՝ իմ սիրելի, բայց նախկին տղամարդուց: Եվ եթե առաջին նվերը միանվագ էր, ապա երկրորդը կցանկանայի, որ կրկնվեր ամեն տարի, մոդելների աճող պրոգրեսիայով, որ 60-ամյակիս կարգին ավտոպարկ ունենայի»,- ժպիտով պատմում է հաղորդավարուհին։
Ինգրիտը հավելում է՝ կան նաև նվերներ, որոնք իրեն դուր չեն գալիս․«Ինձ դժվար է հաճոյանալ, վստահ եմ՝ դրանք դեռ առջևում են, և ես անհամբեր սպասում եմ։
Անցյալում հազվադեպ եմ նվերներ ստացել, բայց բոլորը դուր են եկել» ։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան