Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ավելի քան 7 ամսվա դադարից հետո Ապրիլի 7-ին լուսանկար էր հրապարակել իր մայրիկի հետ։ Երեկ Լիլիթը նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով այս ամիսների լռությանը։
«Համացանցում երբեմնի շատ ակտիվ աղջիկն էլ հաճախ «ինտերնետ չի մտնում»: Պատճառներից մեկն այն է, որ սոցիալական ցանցերն ինձ հիմա առանձնապես չեն գրավում: Չեմ սիրում դրանք, բայց գիտակցում եմ, որ հիմա ամեն բան այլ է՝ ոչ միայն հեռուստատեսությունը, մեծ խանութները, բորսաները կամ համալսարաններն են տեղափոխվել այստեղ, այլև մարդկանց զգացմունքներն ու ապրումները:
Արդեն մարդիկ իրարից հիասթափվում, իրար հետ կռվում-հաշտվում, իրար սիրում ու կարոտում են օնլայն: Շատերը նույնիսկ իրենց նեղ անձական կյանքն են էստեղ ի ցույց դնում (մարդն, իր սիրելիի կողքին լինելով, նրան սեր է խոստովանում Facebook-ում կամ Instagram-ում): Գուցե դա էլ ի լուր աշխարհի սեփական զգացմունքները պատմելու մի տարբերակ է, ինչը ես, գուցե, հասկանում եմ, բայց միայն թե ոչ իմ դեպքում:
Այնուամենայնիվ, նախորդ հրապարակմանս տակ այնքան էիք գրել ինձ կարոտելու մասին, որ էլի շփոթվեցի, հուզվեցի, հալվեցի:
Ես էլ եմ շա՜տ կարոտել ձեզ ու ինտերնետի միջոցով ուղարկում եմ իմ ռեալ, ոչ ինտերնետային սերը»,– ասել է նա։