Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ներկա կգտնվի իր պապի՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, իսկ նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, նրա հետ չի մեկնի Մեծ Բրիտանիա, հաղորդում CNN-ը։
ET-ն, իր հերթին, հայտնում է, որ Մարքլը, որը այժմ սպասում է իր երկրորդ երեխայի ծնունդին, «ամեն ջանք գործադրել է ամուսնու հետ Մեծ Բրիտանիա գնալու համար», սակայն չի ստացել իր բժշկի թույլտվությունը։
«Գտնելով ազատություն։ Հարին և Մեգանը․ ժամանակակից թագավորական ընտանիքը» գրքի համահեղինակ Օմիդ Սկոբին հայտնել է, որ չնայած թագավորական ընտանիքի անդամների հետ տարաձայնություններին՝ արքայազն Հարրին չի վարանել Մեծ Բրիտանիա գնալու և պապի հուղարկավորությանը մասնակցելու հարցում։
Նրա խոսքով՝ արքայազնը չափազանց մտերիմ էր իր պապի հետ և նրա մահը «մեծ հարված է նրա համար»։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է: