Այստեղ կարող ենք գտնել նաև ինքներս մեզ՝ դառը զգացողություններից մինչև հույսի նշույլ․ կայացավ «Իշխանություն» ֆիլմի պերմիերան

Երեկ երբ հասա Մոսկվա կինոթատրոն, բակն արդեն մարդաշատ էր, տարածքն արագ աչքի անցկացրի՝ փորձելով գտնել բոլոր ներկա-բացականերին։ Հանդիսատեսի մեջ էին ոչ միայն հայտնի ու սիրված դերասաններն, այլ նաև բոլորիս քաջ հայտնի քաղաքական գործիչները։ Ինչ խոսք՝ երեկոյի գլխավոր հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, ներկա էին նաև Տարոն Մարգարյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը և շատ ուրիշներ։ Իսկ բոլոր ներկաների այստեղ գտնվելու միակ նպատակը սպասվելիք պրեմիերան էր, և այն կայացավ։ Կայացավ վերջին ամիսններին շատերի ուշադրության կենտրոնում հայտնված, բազմաթիվ քննադատությունների արժանացած «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան։

«Երբ լարված ես, բայց ձևացնում ես, որ լարված չես, այդ վիճակն է ինձ մոտ»,- ShowBiz.am-ի հետ զրույցում խոստովանեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը։

Քննադատությունները բնականաբար ռեժիսորի կողքով չեն անցել, ինչի առնչությամբ նա նշեց, որ այդ ամենին պատրաստ է եղել, երբ դեռ 2019 թվականին սկսել է աշխատել ֆիլմի վրա։ «Իհարկե, արդեն բավականին ժամանակ է անցել , և ես իհարկե պատրաստ եմ, պատրաստ եմ քննադատություններին ու վատ մեկնաբանություններին»։

Մհեր Մկրտչյանը զրույցի ընթացքում նշեց, որ ֆիլմը գեղարվեստական է, սակայն նա երբեք չի խուսափել և չի թաքցրել, որ այն քաղաքական մոտիվներով է նկարահանված, որում բնականաբար կտեսնեք քաղաքականություն։ «Սա իմ զգացածն է, իմ հասկացածը, իմ վերլուծությունը և իմ գեղարվեստական ֆիլմը։ Այն ամենը, ինչը խոսվում է ֆիլմից առաջ, հիմնավորվում է թրեյլերների կամ լավ ու վատ գովազդի վրա, իսկ հիմա գալիս է այն պահը, երբ արդեն հանդիսատեսը պետք է որոշի, ասի՝ ես այսօր հաջողել եմ, թե՝ ոչ»,- նշում է «Իշխանության» ռեժիսորը։

Հանդիսատեսը ֆիլմում տեսնելու է հեղափոխությունից մինչև պատերազմական վերջին օրերին ընկած իրադարձությունները։

«Իշխանություն» ֆիլմում նկարահանվել են Սերգեյ Շակուրովը, Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան, Ժաննա Վելիցյանը և այլք:

Խոսելով դերասանների ընտրության, քասթինգի և դրա ընթացքում առաջացած «զավեշտի» մասին՝ Մհեր Մկրտչյանը պատմում է․ «Միանշանակ եղել են դերասաններ, ովքեր հրաժարվել են ֆիլմում նկարահանվելուց։ Գիտեք՝ լավ կլիներ, եթե քաղաքական լիներ այդ նկատառումները, այն իմաստով, որ՝ մենք չենք կիսում ձեր քաղաքական հայացքները, դրա համար էլ չենք ուզում ձեզ հետ աշխատել, այդ պարագայում խնդիր չէի տեսնի, բայց բոլոր տեքստերը մոտավորապես այսպիսինն էին՝ մեզ պե՞տք ա՝ մեր գլուխը դնենք էդ ցավի տակ, ախր, մեզ հա՛մ նրանք են սիրում, հա՛մ նրանք։ Է թող սիրեն, ի՞նչ ասեմ»։

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է ռեժիսորի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ում շուրջ էլ ծավալվում են գործողությունները։ «Շատ փակագծեր չեմ ցանկանում բացել, թող հանդիսատեսը նայի ֆիլմը, և ինքն էլ անի իր ենթադրությունները։ Մարմնավորում եմ մի աղջկա կերպար, ում ճակատագրով, ում կենսագրության նուրբ թելերով էլ անցնում է ֆիլմի քաղաքական գիծը։ Կարելի է ասել՝ հենց նրա մասին է ֆիլմը»,- նշում է Անի Ղազարյանը։

Շատ դերասանների, միգուցե, վախեցրել է ֆիլմի քաղաքական բնույթը, սակայն Անիին այս ճակատագիրը, կարծես թե, չէր «սպառնում», չէ՞ որ ֆիլմի ռեժիսորն իր ամուսինն է․ «Գիտեք՝ դա այդքան էլ նշանակություն չունի, քանի որ եթե նույնիսկ մենք ամուսիններ չլինեինք, դա բնավ չէր խանգարի, որ ես լինեի քաղաքական ֆիլմում, մանավանդ որ իմ հայացքները համընկնում են ամուսնուս հայացքների հետ»։

Իսկ քննադատություններին դերասանուհին պատրաստ է․ «Ես իմացել եմ, որ արժանանալու եմ քննադատությունների դեռ այն ժամանակ, երբ կիսահում սցենարը կարդացի։ Բայց շատ կարևոր է, թե ով է քեզ քննադատողը, ես կընդունեմ և պատրաստ եմ լսել և ուզում եմ լսել նույնիսկ ամենասուր քննադատությունը, բայց խելացի, գիտակ, հայրենասեր մարդկանցից, իսկ եթե բոլոր բոլորի քննադատությունները լսես՝ վերջում կարող է հոգեբուժարանում հայտնվես»։

Իր կերպարի և զգացողությունների մասին խոսեց նաև դերասանուհի Ռոզի Ավետիսովան։ «Ապրումներս դժվարանում եմ նկարագրել, հուզվում եմ շատ։ Բոլոր պրեմիերաների ժամանակ ես հուզվում, բայց այս մեկի ժամանակ ինչ-որ առանձնահատուկ հուզմունք կա։ Սպասում եմ հրաշալի արձագանքների, քանի որ հրաշալի ֆիլմ է»,- մեկնաբանում է Ռոզին։

Դերասանուհին մարմնավորում է Մանեին, որը բանկի կառավարիչ է և որը ճակատագրի բերումով սկսում է հանդիպել գլխավոր հերոսի հետ․ «Իմ կերպարը կոնկրետ քաղաքական գիծ չունի, բայց առնչվում է մեկի հետ, ով զբաղվում է քաղաքականությամբ»։

Մարջան Ավետիսյանը, ով ֆիլմում մարմնավորում է նախագահի տիկնոջը, նշեց, որ շատ հուզված է, քանի որ կերպարը շատ պատասխանատու էր իր համար, և փորձել է իր հերոսի բոլոր դրական գծերը ճիշտ ներկայացնել․ «Հուսամ՝ հանդիսատեսը, հետագայում նաև արդեն հեռուստադիտողը գոհ կմնա»։

Մարջանը նշեց, որ նախագահի տիկնոջ հետ անձամբ ծանոթ չի եղել, բայց ուսումնասիրել է հեռվից և փորձել նայել բոլոր այն եթերները, որոնցում նա եղել է, որպեսզի կարողանա ամեն ինչ ճիշտ ստանալ։

Իսկ թե որքանով է դա ստացվել, դերասանուհին հստակ չկարողացավ պատասխանել՝  նշելով, որ դա ևս հանդիսատեսը կարող է ասել․ «Չեմ կարող հստակ ոչինչ ասել, ես համենայնդեպս փորձել եմ դա անել։ Ու ընդհանրապես կարծում եմ՝ մասսայական արվեստը՝ մասնավորապես կինոն, պետք է ծառայի մեր ազգային գաղափարախոսությանը»։

Դերասանուհին վստահ է, որ ֆիլմը բոլորն են դիտելու, անգամ այն մարդիկ, ովքեր շատ ագրեսիվ վերաբերմունք ունեն․ «Դրանով կարծում եմ ֆիլմը կշահի, ինչպես նաև, կարծում եմ, կփոխվեն մարդկանց կարծիքները»։

Հեղափոխությունն իրականացնող վարչապետի կերպարում ներկայացել է դերասան Լևս Դավթյանը։ «Ես մարմնավորում եմ մի երիտասարդի, ով ինչ-ինչ հանգամանքների բերումով դառնում է մեր երկրի վարչապետը։ Ասել, որ Նիկոլ Փաշինյանին եմ մարմնավորում, դա պառոդիայի կնմանվի։ Ոչ, ես մարմնավորում եմ բավականին չարաբաստիկ կերպարի»,- անկեղծանում է դերասանը։

Խոսելով քննադատությունների և իր կերպարի ոչ միանշանակ ընդունվելու մասին՝ դերասանը նշում է․ «Ես ոչնչից չեմ վախենում, ես միայն վախենում եմ հայրենիքս կորցնելուց։ Իսկ թե արդյոք ովքե՞ր են քննադատողները, արդեն հարցի մյուս կողմն է։ Ես դերասան եմ, ես նկարահանվել եմ ֆիլմում, կարծում եմ՝ նորմալ պրակտիկա է, աշխարի բոլոր երկրներում էլ քաղաքականության մասին ֆիլմեր կան, և ոչ ոք ոչ մեկին չի քննադատում։ Ֆիլմը թող նայեն, դուր կգա՝ միայն ուրախ ենք, դուր չի գա՝ թող էլ չնայեն ուղղակի»։

Դահլիճում նկատելի էր նաև ներկայիս իշխանությունների բացակայությունը, ֆիլմի ռեժիսորը նշեց, որ ինքը չի հրավիրել, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․ «Պարտավո՞ր էի։ Պրեմիերան մի բան, երբ դու անում ես այն ամենն, ինչն ուզում ես»։

«Իշխանություն»-ը պատմություն է բոլորիս մասին, չնայած նրան, որ ռեժիսորը խուսափում է կերպարներին հստակ անուններ տալուց, միևնույնն է ցանկացածն այնտեղ կարող է գտնել այս կամ այն քաղաքական գործչին, ինչպես նաև հենց իրեն։ Իսկ ֆիլմի ավարտին դառը զգացողություններից բացի փայլում է նաև հույսի նշույլը, չէ՞ որ մենք մեկ անգամ արդեն ազատագրել ենք, ո՞վ է ասել, որ չենք կարող անել նորից։

Հեղինակ՝ Լուս Ավագյան