Մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին․ Երվանդ Ղազանչյանի անունը կրող նորաստեղծ թատերասրահը բացվեց «Ներոն և Սենակա» բեմադրության պրեմիերայով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 12-ին պաշտոնապես կբացի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը:
Ինչպես նշում է թատրոնի ներկայիս ղեկավար, նաև Թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը, նորաստեղծ, 70 հանդիսատեսի համար նախատեսված այս թատերասրահը պիտի բացվեր դեռ անցյալ տարի ապրիլին, բայց համավարակի պատճառով չկարողացան իրականացնել թատերասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Մայիսի 12-ի երեկոյան Երվանդ Ղազանչյանի անունը կրող նորաստեղծ այս թատերասրահը կբացվի «Ներոն և Սենակա» բեմադրության պրեմիերայով՝ ստեղծված Էդվարդ Ռադինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» խորագրով պիեսի հիման վրա: Գլխավոր դերակատարներն են Արթուր Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը և Վարուժան Մանուկյանը:
Մինչ թատերասրահի բացումը լրագրողները հնարավորություն ունեցան շրջել սրահում և դիտել բեմադրական ժամանակակից լուծումներով, դերասանական վառ խաղով հագեցած ներկայացումը:

 Ներկայացման բեմադրիչ և թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ պիեսը բոլոր ժամանակների համար է: Ռեժիսորն այն առաջին անգամ լսել է Մայակովսկու թատրոնում հենց հեղինակի ընթերցմամբ:

Խոսելով ներկայացման մասին՝ նա ասում է․«Երիտասարդ էի, ուսանող էի ու չկարողացա լրիվ խորությամբ պատկերացնել, թե այն ինչի մասին է, հիմա հասկացա, որ այն բոլոր ժամանակների համար է։ Այն բարոյախոսություն չի քարոզում, այլ նախազգուշացնում է»,-ասում է ռեժիսորը։

 

Հակոբ Ղազանչյանը 17 տարի առաջ «Ներոնը և Սենեկան» բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այդ ժամանակ կարծել է, որ այն մտավորականի պատասխանատվության մասին է, իսկ հիմա վստահ է՝ միայն դա չէ:

«Ըստ երևույթին, քաղաքական մթնոլորտն էլ օգնեց, որ ավելի խորը հասկանանք այս պիեսը։ Ինչպես Ներոնն է ասում վերջում ՝ դու ընդամենը տնային շուն ես ընձառյուծի մոտ․ սա այն մտավորականների մասին է, որոնք պատրաստ են տնային շուն դառնալ։ Ցավոք, նրանք հատուկենտ չեն, հատկապես քաղաքական այս թեժ պայքարում։
Երբ անցնում ես որևէ ճամբար, դու այլևս ազատ չես, օր օրի կարող ես վերանալ, ինչպես վերացավ Սենեկան։ Ինչպե՞ս մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին։
Առհասարակ, պիեսը շատ խորն է, ինչպես Ռադինսկու վերլուծությունները բռնակալների կյանքի վերաբերյալ։
Օրինակ, Ստալինը աստվածապաշտ մարդ էր, ինչպե՞ս դարձավ այդպիսին։ Ռադինսկին այնպիսի թեմաներ է ընտրում, որ կարծում եմ, դրանց մասին միշտ պետք է խոսվի, որովհետև մենք ոչ մեկս ապահովագրված չենք նման զարգացումներից»,-պատմում  է Ղազանչյանը։

 

Ներոնի դերակատար Արթուր Կարապետյանը խոստովանում է, որ ռեժիսորի կողմից առաջարկը ստանալուց հետո շատ մտավախություններ ուներ։
«Մտավախությունս մեծ էր։ Կար նաև խնդիր՝ կարողանալ ճիշտ  տեղ հասցնել միտքը հանդիսատեսի ականջին, որովհետև մեր նպատակը որևէ մեկին կոնկրետ որևէ բան հասցնելը չէ, քավ լիցի։ Դրանով մենք կփոքրացնեինք մեր գործը, իսկ հիմա իմ կարծիքով մենք ստացել ենք թատերարվեստի մի ստեղծագործություն, որը բոլոր ժամանակների համար է, միայն այս պահի համար չէ։
Եթե պիեսը գրված լիներ միայն այս ժամանակների համար, ես չէի խաղա, ինձ համար հետաքրքիր չէր լինի ստեղծել մի գործ, որը վաղը կարող  է արդիական չլինել»։ 

Դժվար 2020-ից հետո Արթուր Կարապետյանը կարծում է, որ մարդկանց պետք է հույս, սեր, հարգանք, հավատ․ «Հավատը փչացրել են սուտ ու կեղծ լուրերով, այստեղ մեծ դեր ունեն նաև լրագրողները, չի կարելի մի քանի  լրացուցիչ ընթերցող ունենալու համար նման լուրեր տարածել, հարկավոր է սեփական անձի նկատմամբ պատասխանատվություն ունենալ։ Պատերազմի օրերին ես խելագարվում էի որոշ լրագրողների անպատասխանատվությունից, այդ զգացումը պետք է բոլորս ունենանք, նաև մենք՝ մտավորականներս, դրա համար ամեն խոսքը, ներկայացումը հանդիսատեսին ներկայացնելիս պետք է կարողանալ տակը ստորագրել, պատասխանատվություն կրել։
Ինձ համար այսօր մեծ հակահերոսը Սենեկան էր, այն մտավորականը, ով փորձում էր օգտվել առիթից և Ներոնին օգտագործել իր շահերի համար։ Ամենամեծ բարոյախոսն այսպես դաստիարակում է ամենամեծ մարդասպանին»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան