Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին շատերն են երազում, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել։ Ավելորդ կիլոգրամներից ազտատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի օգնությանը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ կորցրած կիլոգրամները շատ արագ վերականգնվում են։
Այնուամենայնիվ գոյություն ունեն բավական արդյունավետ սննդակարգեր, որոնց հետևելը կօգնի կարճ ժամանակահատվածում հեշտությամբ ազատվել զգալի ավելորդ քաշից և չի առաջացնի կողմնակի բարդություններ։ Ավելին՝ դրանք շատ հարմար են ամռանն ընդառաջ կազմվածքը կարգի բերելու համար, քանի որ ներառում են համեղ, օգտակար ու հասանելի սննդամթերքի տեսակներ, որոնք թույլ կտան խուսափել սթրեսից ու կհագեցնեն օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով, հանքնայութերով ու այլ սննդարար նյութերով։
Աղցանային սննդակարգ
Թարմ, համեղ աղցանները մարդիկ ուտում են ամբողջ տարվա ընթացքում, ուստի այս սննդակարգին հետևելու դեպքում անցումը կտրուկ չի լինի և օրգանիզմի համար սթրեսի պատճառ չի հանդիսանա։ Սննդակարգը նախատեսված է երկու շաբաթվա համար և կարող է օգնել ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից։
Այդ երկու շաբաթվա ընթացքում օրական հարկավոր է ուտել երեք անգամ։ Նախաճաշին հարկավոր է ուտել մրգային աղցան բնական յոգուրտով, իսկ ճաշին ու ընթրիքին՝ բանջարեղենային աղցաններ։ Բացի այդ, սննդակարգում հարկավոր է անպայման ներառել նաև կեֆիր։
Սակայն հարկ է հիշել, որ այս սննդակարգն ունի որոշ հակացուցումներ, ուստի մինչ դրան հետևելը հարկավոր է հաշվի առնել նաև դրանք։ Այս սննդակարգին չի կարելի հետևել հղիության, երիկամների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քրոնիկ հիվանդությունների, զարկերակային գերճնշման ու աթերոսկլերոզի դեպքում։
Մրգային ու հատապտղային սննդակարգ
Քաղցրավենիքի սիրահարներին շատ ավելի դուր կգա մրգային ու հատապտղային սննդակարգը, որի ընթացքում հարկավոր է ընտրել վեc տեսակի միրգ ու հատապտուղ, որոնք էլ պետք է ներառվեն սննդակարգում։ Այս սննդակարգին հետևելիս հարկավոր է օրական սնվել 6-7 անգամ՝ համադրելով մրգերն ու հատապտուղները մեծ քանակությամբ ջրի հետ։ Սննդակարգը նախատեսված է ընդամենը մեկ շաբաթվա համար, սակայն այդ ընթացքում կարելի է ազատվել մինչև 8 կգ ավելորդ քաշից։
Մոտավոր սննդակարգը․
- խնձոր ու մի բաժակ ջուր,
- սեխ ու մի բաժակ ջուր,
- երկու կտոր ձմերուկ և երկու բաժակ ջուր,
- նարինջ և մի բաժակ ջուր,
- տանձ ու մի բաժակ ջուր,
- թուրինջ և երկու բաժակ ջուր։
Այս սննդակարգն անչափ արդյունավետ է, սակայն այն հակացուցված է երեխաներին ու 50 տարեկանից բարձր անձանց։ Բացի այդ, այս սննդակարգին չի կարելի հետևել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների առկայության դեպքում։
Վարունգով սննդակարգ
Այս սննդակարգը լավագույնն է ավելորդ կիլոգրամներից ազատվելու և օրգանիզմից ավելորդ շլակները դուրս բերելու համար։ Այն նախատեսված է երեք օրվա համար և ներառում է միայն վարունգ, սակայն երեկոյան ժամերին կարելի է մեկ հավկիթ կամ 50 գրամ անյուղ միս ուտել։
Այս կարճատև սննդակարգը կարող է օգնել ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից, սակայն հարկ է հիշել, որ այն հակացուցված է հղիներին ու երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրներ ունեցողներին։
Վերոնշյալ սննդակարգերը շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ մինչ դրանց հետևելը հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար: Բացի այդ, առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է սննդակարգը համատեղել ֆիզիկական ակտիվության հետ:
Նաև հարկավոր է հաշվի առնել, որ ցանկացած սննդակարգից հետո կրկին նստակյաց կենսակերպ վարելու և անառողջ սնունդ օգտագործելու դեպքում կորցրած կիլոգրամները շատ արագ կվերականգնվեն, ուստի հարկավոր է անպայման կարգավորել սննդակարգն ու վարել հնարավորինս ակտիվ կենսակերպ։