Ավելորդ քաշը ներկայում ամենալուրջ խնդիրներից մեկն է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ: Այս խնդիրը հաճախ է անտեսվում, մինչդեռ այն նպաստում է լուրջ հիվանդությունների զարգացմանը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքն ու առողջական վիճակը:
Ճարպակալումից ազատվելու համար գոյություն ունեն տարատեսակ սննդակարգեր, և դրանցից ամենաարդյունավետների շարքին է դասվում կաղամբով դիետան, որը ոչ միայն արդյունավետ է, այլև շատ պարզ ու հասանելի:
Կաղամբն առհասարակ ամենահամեղ, օգտակար ու տարածված բանջարեղենի տեսակներից մեկն է, որը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր բազմաթիվ օգտակար տարրերով: Այն պարունակում է С, К, В1, В2, В3 վիտամիններ, պրովիտամին A, ինչպես նաև վիտամին U, որը կանխում է տասներկումատնյա աղիքի և ստամոքսի խոցերի առաջացումը: Ընդ որում՝ կաղամբն առավել օգտակար է հում կամ թթու վիճակում, երբ չի ենթարկվել ջերմային մշակման:
Իր յուրահատուկ բաղադրության ու շատ ցածր կալորիականության շնորհիվ այս մթերքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն ոչ միայն օգնում է նիհարել ու կարգի բերել կազմվածքը, այլև բարելավում է առողջական վիճակն ու ազատում տարբեր խնդիրներից: Սա է պատճառը, որ կաղամբը.
- կիրառվում է կոսմետոլոգիայի ոլորտում որպես մաշկը գունաբացող ու խոնավեցնող միջոց,
- կիրառվում է սրտի հիվանդությունների կանխարգելման համար,
- շատ օգտակար է գաստրիտի ու ստամոքսի խոցային հիվանդության դեպքում,
- նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը,
- շատ օգտակար է լյարդի ու երիկամների համար,
- օգնում է պայքարել մրսածության դեմ,
- օգտակար է մաստոպաթիայի դեպքում,
- օգնում է հոդատապի դեպքում,
- շատ արդյունավետ է ողնաշարի ցավերի ու հոդացավերի դեպքում,
- մեղմում է գլխացավերը,
- մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից:
Կաղամբով դիետան նախատեսված է ընդամենը 10 օրվա համար, սկայն այդ կարճ ժամանակահատվածում այն օգնում է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից: Այս դիետայի ընթացքում հարկավոր է սննդակարգից ամբողջությամբ բացառել աղը, իսկ կաղամբը կարել է ուտել անսահմանափակ, սակայն միայն հում վիճակում: Բացի այդ, օրական կարելի է խմել մինչև երկու լիտր կանաչ թեյ կամ ջուր:
Մոտավոր սննդակարգը.
- Նախաճաշին՝ սուրճ առանց շաքարավազի (ցանկության դեպքում կարելի է շաքարի փոխարինիչ կիրառել):
- Ճաշին՝ կաղամբով ու 1 ճաշի գդալ չզտված բուսայուղով աղցան: Երկու օրը մեկ կարելի է աղցանին նաև 1 հատ խաշած հավկիթ ավելացնել:
- Ընթրիքին՝ 200 գրամ խաշած անյուղ տավարի միս կամ ձուկ, մի բաժակ կեֆիր:
Այս դիետան հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու և առողջական վիճակն էլ ավելի բարելավելու համար, սակայն դրան հետևելու դեպքում հարկավոր է շատ զգոն լինել: Հարկ է հիշել, որ այս սննդակարգը հակացուցված է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, շաքարային դիաբետի և երիկամների աշխատանքի խանգարման դեպքում: Բացի այդ, նման խիստ սննդակարգերը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, այլապես կարող են զարգանալ բավական տհաճ կողմնակի բարդություններ: Սա է պատճառը, որ կաղամբող դիետային կարելի է հետևել 1-2 ամիսը մեկ: