Ամառային դիետաներ. ավելորդ քաշից ազատվելու 3 պարզ ու արդյունավետ միջոց

Գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ունենալու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին բոլորն են երազում, սակայն ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Ավելորդ քաշից ազատվելու համար լավագույն շրջանը տարվա տաք եղանակներն են: Այս ընթացքում կարելի է գտնել մեծ քանակությամբ համեղ ու միաժամանակ ցածր կալորիականությամբ սննդամթերք, ինչը թույլ կտա ապահովել հարուստ ու հետաքրքիր սննդակարգ և ազատվել ավելորդ քաշից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամառային դիետաներ, որոնք ոչ միայն արդյունավետ են,այլև շատ օգտակար: Դրանք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, արագացնել նյութափոխանակությունը, դուրս բերել շլակները, տոքսիններն ու ավելորդ հեղուկն օրգանիզմից, ինչպես նաև կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Այս սննդակարգերի հիմնական բաղադրիչը ձմերուկն է: Գոյություն ունի ամառային դիետայի մի քանի տարբերակ, որոնք սակայն բոլորն էլ շատ արդյունավետ են: Սակայն հարկ է հիշել, որ այս սննդակարգերին հարկավոր է հետևել միայն ձմերուկի հասունացման շրջանում, այլապես այն կարող է վտանգավոր լինել:

Առաջին տարբերակը

Ամառային սննդակարգի առաջին տարբերակը բավական խիստ է և տևում է 5 օր: Հարկավոր է օրվա ընթացքում ուտել միայն ձմերուկ՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր 10 կիլոգրամի դիմաց օգտագործելով 1 կգ ձմերուկ: Այլ կերպ ասած՝ այս ընթացքում հարկավոր է ուտել ու խմել միայն ձմերուկ:

Եթե նման խիստ սահմանափակումը չափազանց բարդ է, ապա կարելի է ընթրիքին 2-3 կտոր չորահաց օգտագործել: Այս սննդակարգի շնորհիվ կարելի է ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից:

Երկրորդ տարբերակը

Ձմերուկով դիետայի մյուս տարբերակին հետևելն ավելի հեշտ է, քանի որ այն այդքան խիստ չէ: Այս սննդակարգին կարելի է հետևել 10-14 օր՝ այդ ընթացքում ազատվելով 4-7 կգ ավելորդ քաշից: Այս սննդակարգին հետևելու ընթացքում կարելի է ուտել ոչ միայն ձմերուկ, այլև տարեկանի հաց, հացահատիկներ, մրգեր ու բանջարեղեն, սակայն քիչ քանակությամբ:

Բեռնաթափման օր

Ավելորդ քաշից ազատվելու արագ ու արդյունավետ միջոց կարող է լինել նաև ձմերուկով բեռնաթափման օրը, որի ընթացքում կարելի է օգտագործել միայն ձմերուկ ու մաքուր ջուր:

Ձմերուկով դիետաները ոչ միայն ազատում են ավելորդ քաշից, այլև կարգավորում են միզասեռական համակարգի աշխատանքն ու դուրս են բերում շլակներն օրգանիզմից: Հարկ է հիշել, որ այս դիետաների օգնությամբ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգից անպայման բացառել ալկոհոլը, հացաբուլկեղենն ու շաքարը:

Սննդաբանները, սակայն, նախազգուշացնում են, որ նշված դիետաներց որևէ մեկին հետևելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ այս հիանալի դիետաներն ունեն հակացուցումներ: Դրանք, մասնավորապես, հակացուցված են շաքարային դիաբետի, գաստրիտի ու երիկամների աշխատանքի խանգարումների դեպքում, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել վիճակն էլ ավելի չբարդացնելու համար: