«Գարուն ա» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը․ ֆոտոշարք

«Այս երկրից պետություն ստեղծելու համար աշխարհի ամեն մի հայ պիտի արյուն ու քրտինք թափի»․ մեծ էկրան բարձրացավ Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը։ Ֆիլմը հայրենասիրության, պետական մտածողության, պետության պահպանման և սիրո մասին է։ Դա նաև իրենց խոսքում փաստեցին ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու դերասանները։

«Գարուն ա» ֆիլմի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը ներկայացրեց ֆիլմի սաունդթրեքերը։ ShowBiz.am-ը ներկա էր ֆիլմի պրեմիերային․ մենք ֆիքսել ենք երեկոյի հետաքրքիր կադրերը, ինչպես նաև զրուցել ֆիլմի հեղինակների և դերասանների հետ։

Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Խաչատրյանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը։ Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հավհաննիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագ Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը և այլք։

Ռոման Մուշեղյանն այս օրերին գտնվում էր Ուկրաինայում, որտեղ իրականացվում էին ֆիլմի հետաարտադրական աշխատանքները։ Ռեժիսորը կարողացել է պատերազմական թեժ իրավիճակից տեղափոխվել Հայաստան և ներկա լինել ֆիլմի պրեմիերային։

«Ֆիլմի վրա երկուսուկես տարի է, ինչ աշխատել ենք, և այս ամբողջ ընթացքում, կարելի է ասել, աշխարհում պատերազմ էր։ Հուսամ՝ ֆիլմի պրեմիերայով բոլոր պատերազմները կավարտվեն և այլևս չի լինի պատերազմ, որի մասին կուզենք ֆիլմ նկարահանել»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Դիանա Ավետիսյանը։

Արմեն Մարգարյանն իր խոսքում շեշտում է, որ ֆիլմը հայ մարդու, հայ ընտանիքի մասին է․ «Ես կարծում եմ՝ շատ շատերն իրենց կտեսնեն այս ֆիլմում։ Բոլորս էլ գիտենք, որ մարդիկ ամեն  հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Եվ սա ևս բացառություն չի լինի»։

Ռեժիսորն, անդրադառնալով ֆիլմի սյուժեին և գաղափարին, նշում է․ «Ֆիլմը ոգեշնչված է քառօրյա պատերազմի դեպքերից։ Ուստի չկա կոնկրետ պատմություն, կան հավաքական կերպարներ։ Ֆիլմը, կարելի է ասել, ոչ թե պատերազմի մասին է, այլ այն դրամա է, որտեղ կա նաև պատերազմ։ Ֆիլմի հիմնական մեսիջը այն է, որ յուրաքանչյուրն է պատասխանատու իր հայրենիքի և ապագայի համար։ Բոլորը պետք է իրենց լուման ունենան, պետք չէ միայն մեղադրել և պահանջել։ Ինչպես ֆիլմում ասում է Ալեքսանդր Խաչատրյանի կերպարը․ «Այս երկրի կայացման համար լուրաքանչյուրը պետք է արյուն և քրտինք թափի»։ Սա, կարծես թե, մեսիջ է մեր հանրությանը, որ պետք չէ զուտ գոռալ և ասել՝ ինչո՞ւ ոչինչ չի փոխվում, այլ պետք է պատասխանատվություն կրել քո գործով, քո վերաբերմուքով հայրենիքիդ նկատմամբ»։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Խաչատրյանն իր խոսքում անդրադարձավ ֆիլմի հետ կապված իրենց հետագա անելիքներին․ «Ֆիլմում շատ է մերը, շատ է ազգայինը։ Բայց ֆիլմում նաև կան զուգահեռներ, որոնք այսօր հուզում են ամբողջ աշխարհին։ Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր իրավունքները ֆիլմը ներկայացնելու միջազգային հարթակներում։ Ֆիլմը տեխնիկական առումներով նկարահանված է բաձր ստանդարտներով, իսկ ինչ վերաբերում է դերասնական խաղին, այն ևս շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»։

Իր հերթին Դիանա Ավետիսյանը հավելեց, որ ԱՄՆ-ում ևս նախատեսված է ֆիլմի պրեմիերան, որից հետո ֆիլմը կշրջագայի ամբողջ աշխարհում տարբեր փառատոնների շրջանակում։

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 1-ին, որից հետո այն կցուցադրվի ամերիկյան մի շարք կինոթատրոններում։

«Մենք ներկայացնում ենք այն տեսակը, մարդկանց և հասարակությունը, որն ուզում ենք ունենալ։ Ֆիլմում ամփոփվում է, խոսվում է այդ ամեն ինչի մասին և ցավով է խոսվում»,- նշում է Ալեքսանդր Խաչատրյանը։

Արվեստագետ և զինվոր փախհարաբերություններին անդրադարձավ ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած Լևոն Հախվերդյանը․ «Ցավոք սրտի, մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ կապ չունի ո՛չ քո մասնագիտությունը, ո՛չ քո ընտրած գործը․ երբ պահը հասունանում է, բոլորը միավորվում են մեկ գաղափարի շուրջ, և սկսվում է այն աշխատանքը, որը պետք է արվի։ Ես մտածում եմ, որ արվեստագետը հանրության, ժողովրդի խիղճն է։ Եվ ինչպես շատ դասական ֆիլմերում, այնպես էլ այստեղ, արվեստագետի միջոցով պատերազմը ներկայացնելը շատ յուրահատուկ և ազդեցիկ միջոց է մարդկանց վրա ներգործելու համար։ Իմ կերպարը անվանի բեմերում նվագելու հնարավորություն ուներ, սակայն հանգամանքները դասավորվում են այնպես, որ նա իր տաղանդը պետք է օգտագործի այլ տեղում։ Ես իրոք շատ կուզեի, որ սա միայն ֆիլմ լիներ»։

Նշենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի