Բեռնաթափման օրերի արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում գիտականորեն ապացուցված չէ։ Բացի այդ, դրանք որևէ դետոքսիկացնող ազդեցություն օրգանիզմի վրա չեմ ունենում։ Այս մասին «Газета.Ru»-ի հետ զրուցում ասել է բժիշկ-ներզատաբան, սննդաբան Օլգա Չուխաչևան։
«Ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ինտերվալային սովապահությունը, այդ թվում՝ բեռնաթափման օրերի տեսքով, ավելի արդյունավետ չէ քաշի նվազեցման հարցում, քան ցածր կալորիականությամբ հավասարակշռված սննդակարգը, որի դեպքում մենք ուտում ենք կանոնավոր և լիարժեք, բայց էներգիայի ծախսը գերազանցում է դրա ընդունումը։ Բեռնաթափման օրերը և սովապահությունը նաև չեն հանգեցնում տոքսինների տարրալուծմանն ու շլակների դուրսբերմանը: Ավելին՝ բժշկության մեջ այդպիսի տերմիններ ընդհանրապես գոյություն չունեն, իսկ անպետք նյութերի դուրսբերման գործառույթը հիանալի կատարում են երիկամները, լյարդը, թոքերը և աղիները»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ կալորիաների կտրուկ սահմանափակումը բարձրացնում է սննդակարգից հետո քաշի վերադարձի հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ բեռնաթափման օրերից հետո մարդը հաճախ սովորականից շատ է ուտում։
«Բացի այդ, սովապահությունը կամ կալորիաների չափազանց սուր դեֆիցիտը հաճախ ուղեկցվում են թուլությամբ, գլխապտույտով, անքնությամբ, սրտխառնոցով, գլխացավերով ու փորկապությամբ։ Սննդակարգի կալորիականության տևական նվազեցումը 1200 կկալ-ից պակաս ցուցանիշին կարող է հանգեցնել վիտամինների, մակրո- և միկրոտարրերի (օրինակ՝ երկաթի, B9, B12 վիտամինների, կալցիումի) դեֆիցիտի, իսկ կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարման»,- հավելել է Չուխաչևան։