Բրիտանացի հայտնի դերասան Ռուպերթ Գրինթը, որը հայտնի է դարձել մանկահասակ հրաշագործ «Հարրի Փոթեր»-ի մասին ֆիլմերում Ռոն Ուիզլիի դերով, պարտվել է Մեծ Բրիտանիայի հարկային տրիբունալում, հայտնում է BBC-ն։
Դատարանը դերասանին պարտավորեցրել է վճարել 1,8 մլն ֆունտ ստերլինգ (2,3 մլն դոլար)։
Հարկային խնդիրները ծագել են դեռ 2019 թվականին, երբ հետաքննությունը բացահայտել է Գրինթի 2011-2012 թվականների հարկային հայտարարագրում առկա անհամապատասխանությունները։ Այս ընթացքում դերասանը 4,5 մլն ֆունտ ստեռլինգ է ստացել ընկերությունից, որը նա ղեկավարում էր որպես միակ բաժնետեր։ Այս վաստակը նկարագրվում էր որպես բոնուսներ և մնացորդային եկամուտ Հարի Փոթերի մասին ֆիլմերից: Նա փորձում էր դատարանին համոզել, որ այդ գումարները պետք է հարկվեն 10%-ով որպես կապիտալի շահույթ, այլ ոչ թե 52%-ով որպես սովորական եկամուտ։ Դատավորը, սակայն, մերժել է դերասանի բողոքը՝ որոշելով, որ գումարը պետք է հարկվի առավելագույն դրույքաչափով։
Այժմ դերասանը պետք է վճարի իր պարտքը հարկային մարմիններին: