Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում

Արցախյան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի  «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում, քանի որ 2024թ-ին կինոակադեմիայի որակավորման փառատոնում՝ 51-րդ Athens International Film Festival-ում, արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին հայտնում է «Օբերտոն» երաժշտական ընկերությունը: Ֆիլմն ընդգրկված է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի անվանակարգում։ 

«Ֆիլմի համաշխարհային հաջողությունները և տասնյակից ավելի միջազգային մրցանակները վկայում են այն մասին, որ հայ ստեղծագործողները ունեն հնարավորություն արվեստի միջոցով միջազգային լսարանների հետ երկխոսելու և բանակցելու բացառիկ ներուժ՝ կրելով պատմության ուժն ու դիմացկունությունը՝ շնորհիվ նաև ֆիլմի ստեղծագործական թիմի բացառիկ աշխատանքի։
Oberton-ում մեծ պատիվ ենք համարում մեր մասնակցությունը որպես այս տպավորիչ կարճամետրաժ ֆիլմի համարտադրող և ձայնային հետարտադրության գործընկեր»,- նշում են ընկերությունից։ 

2022 թ. նկարահանված 22-րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։

Այս տարվա ընթացքում Նյու Յորքում կայացած SR Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում  մրցանակ է ստացել ֆիլմի ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը, իսկ Ռուզան Խաչատրյանը ճանաչվել է «լավագույն դերասանուհի»։

Աղբյուր` Panorama.am