Հուլիսի 29-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա դերասան Վաչե Թովմասյանի « Դե հիմա էդ ա» սթենդ-ափ քոմեդի շոուն:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Վաչեի եղբայրը՝ պրոդյուսեր Վահան Թովմասյանը:
«Ներկայացումն արդեն մի քանի անգամ խաղացվել է Երևանում, հիմա նորացված տարբերակով է այն բեմ բարձրանալու, բավական նորություններ կան բեմադրության մեջ, որ հանդիսատեսը դեռ չի տեսել:
Բնականաբար շատերին հետաքրքրում է Օսկարի թեման ու «Անորա» ֆիլմի հետ կապված շատ մանրամասներ, որn այս թարմացված տարբերակում ներառել ենք ներկայացման մեջ: Այս ամբողջ ընթացքում մարդկանց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ հանդիսատեսը կստանա ներկայացումը դիտելիս»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Թովմասյանը:
Ներկայացման մեջ ներառված պատմությունները գրվել են Վաչեի կողմից:
«Վաչեն շատ կարոտած է, անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը, որովհետև վաղուց Երևանում ներկայացում չի խաղացել: Համոզելու ու երկար մտածելու կարիք չի եղել, պարզապես սպասում էինք հարմար պահի: Վաչեն կարճ ժամանակով է գտնվելու Երևանում, ներկայացումների թիվն էլ սահմանափակ է լինելու, քանի որ վերադառնալու է ԱՄՆ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց պրոդյուսերն ու հավելեց, որ ներկայացումը 16+ է, երեխաների մուտքն արգելված է: