Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հյուրընկալվել է «YԵՍ TV Show» հաղորդմանը և պատասխանել Արթուր Բախտամյանի հարցերին։ Հայտնում է Fast News-ը:
Ես սիրում եմ կյանքը և մարդկանց՝ իրենց պարզ ու բարդ էությամբ։ Սիրում եմ մեծ քաղաքներ, վերելքների և վայէջքների ադրենալինը։
Չեմ սիրում կեղծիքը, չեմ սիրում, երբ ջերմությունը որպես թուլություն է դիտվում։ Չեմ սիրում, երբ խոսում են անձնական կյանքից։
Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր իրենց մրցակցին հարգել գիտեն։ Գիտեն իրենց ուժն ու արժեքները գնահատել և առանց վախի պայքարել։ Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր հաջողում են ազնիվ ճանապարհով և իրենց վրա աշխատելով։ Նաև այն մարդկանցով, ովքեր ընկնելուց հետո ժպիտով են բարձրանում։
Ատում եմ անարդարությունը, հատկապես՝ թույլերի նկատմամբ: Աշխատում եմ ներսումս ատելություն չպահել, քանի որ այն վնասում և թունավորում է մեր ներաշխարհը։
Վախենում եմ չապրած կյանքի զգացողությունից։ Վախենում եմ վերադառնալ այն պահին, երբ կորցրել էի ինքս ինձ։
Ուզում եմ՝ գյուղի երեխաները հնարավորություն ունենան գյուղերում իրականացնելու իրենց երազանքները։
Ափսոսում եմ այն պահերի համար, երբ ինքս ինձ չեմ հավատացել։
Կարող եմ լռել, երբ պետք է։ Կարող եմ չչարանալ։
Հպարտանում եմ այն մարդկանցով, նաև իմ ընկերներով, ովքեր արժեք են ստեղծել իրենց անցած արժանապատիվ ճանապարհով և կարողանում են ոչ միայն այդ արժեքը փոխանցել, այլև գնահատել դիմացինինը։ Ինչու ոչ՝ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, որ այսօր գոնե 1 երեխա կասի՝ «ուզում եմ լինել Նազիկի պես»։ Դա չափազանց պարտավորեցնող է։
Կուզեի դառնալ այն մարդը, ով անաղմուկ շատերի համար հնարավորություն կստեղծի իրականացնել իրենց երազանքները։ Կօգնեի մարդկանց հավատալ սեփական ուժերին։
Կցանկանայի ճաշել 15 տարեկան աղջկա հետ, ով նեղված է՝ չիմանալով, որ ապագան իրենն է։ Իսկ տարիներ անց կցանկանայի ճաշել արդեն կայացած կնոջ հետ, ով հասել է բարձունքի։ Առաջին հանդիպմանը ես կխոսեի, երկրորդին՝ կլսեի նրան։ Երկրորդը կցանկանայի ճաշել արժանապատիվ ապրած մարդու հետ, ում հետ կխոսեի ոչ թե հաջողություններից, այլ ճակատագրից։
Ինձ համար տղամարդը ուժի և նրբության, հումորի և զսպվածության համատեղությունն է։ Պետք է պատասխանատու լինի նախ ինքն իր հանդեպ, նոր միայն դիմացինի։ Ունենա նաև արժանապատվություն։
Չեմ կարող դավաճանել իմ արժեքները, նաև ապրել միապաղաղ։
Երազում եմ, որ գյուղերում երեխաներն ունենան ընտրելու հնարավորություն։
Չեմ մոռանա այն ծնողների հայացքը, ովքեր ասում են` իմ երեխան կհաջողեր, եթե հնարավորություն ունենայինք։
Չեմ ների դավաճանությունն ինքս իմ հանդեպ։ Չեմ ների ինձ, եթե մի օր դավաճանեմ իմ արժեքները։
Ստել եմ, երբ ասել եմ՝ ամեն ինչ լավ է, այնինչ, մեղմ ասած, այդքան էլ այդպես չէր։
Արտասվել եմ անզորությունից և միայնակ, որ ոչ ոք չլսի։ Բարձրաձայն արտասվելը հանգստացնում է։
Կարոտում եմ մանկությունս ու մանկությանս խաղերը։ Կարոտում եմ այն Նազին, ով միամիտ նայում էր աշխարհին ու մտածում, որ ամեն ինչ հեշտ է։
Կյանքը հնարավորություն է՝ արժեքներ թողնելու հնարավորություն է․ Կյանքը ապրելու և երջանկանալու համար է։
Ամաչել եմ այն պահերի համար, երբ ուրիշին խորհուրդ էի տալիս ուժեղ լինել, բայց ինքս ներուստ այդպիսին չէի։ Այդպես կեղծում ես ինքդ քեզ։ Դա թուլացնում է մարդուն։
Ինձ պետք է գումար և մարդիկ, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնք մեր երկիրը կտանեն սպորտային զարգացման։ Առաջին նախագխիս համար անհրաժեշտ է 3 միլիոն դոլար։
20 տարի անց ուզում եմ ունենալ ուժեղ մայրերի մի սերունդ, ովքեր մեծացրել և դաստիարակել են առաջնորդներ։
Կուզեի ապրել այնքան, որ կարողանայի անել մի բան, որպեսզի ինձնից հետո իմ գործն ապրի։