Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը կժամանեն Հայաստան և նրանց մասնակցությամբ կանցկացվի քննարկում նվիրված «Անորա» ֆիլմին, որին տեսակապով կմասնակցի նաև ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Հետաքրքրությունը «Անորա» ֆիլմի հանդեպ շատ մեծ է, և շատ է քննարկվում նաև հայ դերասանների մասնակցությունը, ուստի որոշել ենք քննարկումները բերել Երևան և կենդանի ձևաչափով կազմակերպել, լսելի դարձնել թե՛ քննադատական, թե՛ գովեստի խոսքերը»,- ասաց Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից հետո, շատ բարդ բանակցությունների արդյունքում կարողացան «կորզել» և Երևանում ցուցադրել «Անորա» ֆիլմը, ինչպես նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմը։
Հիշեցնենք` դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։
Այս տարվա մարտին «Անորա» ֆիլմը 5 «Օսկարի» արժանացավ Լոս Անջելեսում կայացած 97- րդ մրցանակաբաշխությունում։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։